Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննադատում է խորհրդարանական ղեկավարության ու կառավարության կազմավորումը


Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերը քննադատում են խորհրդարանի ղեկավարության եւ կառավարության կազմավորումը՝ որպես կեղծիքներով անցած ընտրությունների արդյունք:

«Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից ընտրված պատգամավորները չէին մասնակցում երրորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին, քանի որ, ինչպես ձեւակերպեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ այսօր Ազգային ժողովում «ավարտվում է իշխանության բռնազավթման գործընթացը»:

«Ծիծաղելի կլիներ, եթե ասեի՝ դեմոկրատիայի դրսեւորում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նույն կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի խոսքերով, ամեն ինչ արդեն նախապես որոշված էր. - «Ազգային ժողովում թատրոն է գնում: Ուղղակի հերթական իրավաբանական ակտ է տեղի ունենում՝ նոտարիուսի կարգավիճակով»:

Աղասի Արշակյանի խոսքերով, իրենք չեն մասնակցում քաղաքական պաշտոնների «ալան-թալանին»: «Դե, այնտեղ երիտասարդ խաբեբային [Արթուր Բաղդասարյանին]՝ միաձայն քվեարկել են տղաները»:

Իսկ «Արդարություն» դաշինքի ղեկավարներից Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ՝ Ազգային ժողովում շարունակվում է «կեղծիքներով անցած ընտրությունների խայտառակ գործընթացը»:

Քաղաքական կոալիցիայի մասին հուշագիրը, որով ամրագրվել են կառավարություն եւ Ազգային ժողովի ղեկավարություն ձեւավորելու սկզբունքները, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, «գործարք է, որը որեւէ կապ չունի ընտրությունների իրական քվեների հետ»:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ 2000 թվականին իրենց ստեղծած կառավարությունում տեղ ունեին նաեւ ընդդիմության եւ մեծամասնություն չկազմող այլ ուժերի ներկայացուցիչներ: Այսօր, ըստ Սարգսյանի, պարզապես կառավարությունը վերաբաշխել են 3 կուսակցությունների միջեւ:

«Եվ չորրորդ կուսակցությունը երեւի իրեն համարում է նախագահը», - ավելացրեց Սարգսյանը: - «Պիտի ասեմ, որ թուղթը [հուշագիրը] բավականին անգրագետ է, եւ Սահմանադրության հստակ խախտումներ կան»: Նա փաստարկեց, որ կառավարության անդամներ նշանակելու հարցը Սահմանադրությունը հստակ կանոնակարգում է՝ վարչապետն առաջարկում է, նախագահը նշանակում: Մինչդեռ, ստորագրվել է մի փաստաթուղթ, որը Սահմանադրության նորմերին դեմ է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG