Մատչելիության հղումներ

Քոչարյանին սատարած ուժերը հուշագիր են ստորագրում


Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարները չորեքշաբթի օրը նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրեցին քաղաքական կոալիցիայի հուշագիր, որի նպատակը Ազգային Ժողովի երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ, կայուն օրենսդիր եւ գործադիր իշխանություն ունենալն է:

Հուշագրի տեքստը կհրապարակվի վաղը: Ամեն դեպքում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ եղած տեքստի, Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը վերապահվում է «Օրինաց երկիր»-ին, երկու տեղակալներինը՝ ՀՀԿ-ին ու Դաշնակցությանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Դաշնակցությանը, պաշտպանության եւ սոցիալական հանձնաժողովների նախագահաներինը՝ «Օրինաց երկիր»-ին, մյուս երեքը՝ ՀՀԿ-ին:

«Համագործակցության դաշտը Ազգային ժողովում, կարծում եմ, լինելու է ավելի լայն», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Կան անհատ պատգամավորներ, որոնք կայացել են իրենց կյանքում: Ես համոզված եմ, որ իրենց մեծամասնությունը համագործակցելու է այս կոալիցիայի հետ: Կա եւս ՄԱԿ կուսակցությունը, որի հետ ես համագործակցության հեռանկարները տեսնում եմ՝ ակտիվ համագործակցության, քանի որ կուսակցության ֆրակցիայում Ազգային ժողով են մտել արհեստավարժ անձինք»:

Քոչարյանի գնահատմամբ, երկրում առաջին անգամ դասական իմաստով խորհրդարանական կոալիցիա է ստեղծվում, որը պատասխանատվություն է ստանձում նաեւ կառավարության ձեւավորման համար:

«էֆեկտիվ կաշխատի կոալիցիան՝ ուրեմն կայունություն կունենանք նաեւ մեր երկրում: Ոչ՝ ուրեմն կունենանք պրոբլեմներ», - ասաց Քոչարյանը՝ ավելացնելով. - «Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններով սատարել արդյունավետ աշխատանքին»:

ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքով, կոալիցիոն այս ուժերը «անկախ իրենց ստացած ձայներից Ազգային ժողովում, պետք է կարողանան ընդհանուր ջանքերով իրագործեն ե'ւ նախագահի նախընտրական ծրագիրը, ե'ւ կուսակցությունների ծրագիրը»: Մարգարյանը ավելացրեց նաեւ, որ անկախ երեք կուսակցություններին վերապահված պաշտոնների քանակից, յուրաքանչյուրը պատասխանտվությունը ստանձնում է ամբողջովին:

Պատասխանատվությունը կիսելու է նաեւ երկրի նախագահը:
«Ես պատրաստ եմ նաեւ կիսել պատասխանատվությունը հետագա
չորս-հինգ տարիների համար», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Կուսակցությունը, ըստ ստորագրված հուշագրի, իրավունք ունի հետ կանչելու իր առաջադրած պաշտոնյային եւ առաջադրելու նորի թեկնածություն: Իսկ կառավարության հետ անհամաձայնության դեպքում՝ դուրս գալ կոալիցիայից: Առաջիկա տասն օրերի ընթացքում կմշակեն ու խորհրդարանի հաստատմանը կներկայացնեն նախագահ Քոչարյանի եւ իրենցից ամեն մեկի ծրագրի հենքի վրա միասնականցված՝ կառավարության ծրագիրը:

Կառավարության շուրջ նախագահի հրամանագրերը սպասվում են շաբաթավերջին՝ Ազգային Ժողովի ղեկավարության ընտրություններից հետո: Ամեն դեպքում, հուշագրի՝ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ եղած տարբերակով ամրագրված է, որ պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարներին առաջադրելու է նախագահ Քոչարյանը, քաղաքաշինության, կրթության, մշակույթի նախարարներին՝ «Օրինաց երկիր»-ը, առողջապահության, գյուղատնտեսության եւ սոցիալական ապահովության նախարարները՝ Դաշնակցությունը: Մնացած յոթ պորտֆելները եւ վարչապետի պաշտոնը՝ Հանրապետականը: Անդրանիկ Մարգարյանը, իր իսկ հավաստմամբ, կշարունակի պաշտոնավարել: «Ես շարունակելու եմ աշխատել որպես վարչապետ», - լրագրողներին ասաց նա:

«Հիմք է դրվում Հայաստանում բավականին կարեւոր մի նախադեպի, այն է՝ քաղաքական համաձայնության միջոցով, քաղաքական կոալիցիայի միջոցով լուծել մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրները», - ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Իսկ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ասաց. - «Մենք լավ սկիզբ ենք դրել աշխատանքի, եւ ես վստահ եմ, որ այդ լավ սկիզբը իսկապես գործի կեսն է: Մենք կշարունակենք աշխատել միասին, եւ վստահ եմ, որ մենք անպայման հաջողություն ենք ունենալու եւ հինգ տարի հետո մենք կարող ենք արդեն խոսել շատ ավելի լավ Հայաստանի մասին»:

Հուշագրում որպես քաղաքական կոալիցիայի առաջնահերթություններ նշված են սահմանադրական բարեփոխումները, ընտրական համակարգի բարեփոխումներ՝ կուսակցությունների դերի բարձրացմամբ, ընդգծված սոցիալական ուղղվածությամբ տնտեսական քաղաքականությունը, հակամենաշնորհային քաղաքականությունն ու ազատ մրցակցային դաշտի երաշխավորումը, կոռուպցիայի, ստվերային տնտեսության դեմ պայքարը:

Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ, ստեղծվելու է կոալիցիայի համադրող խորհուրդ. երեք հոգուց բաղկացած խորհրդի կազմը, նրա փոխանցմամբ, կորոշվի հետագայում, բայց, ամենայն հավանակնությամբ, այդտեղ կլինեն կոալիցիան կազմած կուսակցությունների նախագահները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաեւ Հանրապետականի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, «Օրինաց երկիր»-ի փոխնախագահներ Սերգո Երիցյանն ու Թամարա Պողոսյանը, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Ընդդիմությունը անգամ չհիշատակվեց:

Արդեն սկսում է ուրվագծվել կառավարության կազմը: Այսպես, «Օրինաց երկիր»-ին վերապահված պորտֆելները, կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ, կտրվեն Սերգո Երիցյանին (կրթության եւ գիտության նախարար), Թամարա Պողոսյանին (մշակույթի նախարար) եւ Արա Արամյանին (քաղաքաշինության նախարար):

Ինչպես լրագրողներին ասաց Անդրանիկ Մարգարյանը, ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ ներկայացրած կառավարության անդամ պատգամավորներից ոչ բոլորը կշարունակեն աշխատել իրենց պաշտոններում՝ կարող է լինել 1-2 բացառություն:

Դաշնակցությունը, հավատարիմ մնալով գաղտնապահության սկզբունքին, դեռեւս չի հրապարակում ապագա նախարարների անունները: Վահան Հովհաննիսյանը, այդուհանդերձ, հաստատեց լուրերը, թե սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում առաջարկվելու է Աղվան Վարդանյանը:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG