Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը կրկին պարտվեց


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները այսօրվա նիստում 25-րդ դեցիմետրային կապուղու համար հայտարարված մրցույթում այդ կապուղով ներկայումս հեռարձակվող «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացրած ծրագիրը գերադասեցին իրենց իսկ որոշմամբ անցած տարվա ապրիլին եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության ծրագրին:

Բացի «Մեդիամաքս» գործակալության ղեկավար Արա Թադեւոսյանից եւ «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանից, ովքեր հավասար միավորներ էին տվել երկու հեռուստաընկերությունների ներկայացրած ծրագրերին, Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի բոլոր մյուս անդամները ավելի բարձր նիշեր էին տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը:

Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը բառացիորեն այսպես մեկնաբանեց իրենց որոշումը. - «Ա1+»-ի կողմից ներկայացված մրցութային առաջարկը, որը մասնավորապես ենթադրում էր 5 միլիոն ամերիկյան դոլարի ներդրումներ իրականացնելի դարձնելու համար, հիմնավոր չէր: Չկար այդ ներդրումների երաշխիքը ստեղծող որեւէ տրամաբանություն կամ որեւէ հավաստող փաստաթուղթ»:

Ամալյանի հետ, անշուշտ, համաձայն չէ «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը: «Դա նշանակում է, որ պարոն Ամալյանը եւ իր թիմը ընդհանրապես չեն էլ կարդացել որեւէ առաջարկ՝ ո'չ «Ա1+»-ինը եւ, ենթադրում եմ, ո'չ էլ «Արմենիա»-ինը: Ես դա ընդունում եմ որպես անձնական թշնամություն: Եվ ոչ միայն պարոն Ամալյանի թշնամությունը դեպի «Ա1+»-ը, այլ՝ նախագահի կոնկրետ թշնամությունը: Պնակալեզությունը Ամալյանի շարունակվում է»:

Մեսրոպ Մովսեսյանը համոզմունք հայտնեց, թե նման որոշում է ընդունվել, որպեսզի իրեն ստիպեն «գնալ աջ համբուրելու»՝ հայտարարելով. - «Չի լինելու դա»:

Այսպիսով, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարության եւ «Ա1+»-ի միջեւ ՝ արդեն մեկ տարուց ավելի շարունակվող դիմակայությունը շարունակվում է: «Ա1+»-ում «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ այս մրցույթին ներկայացրած իրենց ծրագիրը պատրաստվում են ուղարկել Եվրոպայի խորհուրդ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը դեռեւս մեկ տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի իշխանությունները Եվրախորհրդին տեղեկացրել էին, որ «Ա1+»-ի դեպքի համար լուծում են որոնում եւ որ դրական լուծումը շուտով կգտնվի:

Տեսականորեն «Ա1+»-ի եթեր վերադառնալը դեռ չի բացառվում, քանի որ հեռուստաընկերությունը շարունակում է մասնակցել եւս 3 կապուղիների համար հայտարարված մրցույթների:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG