Մատչելիության հղումներ

Շարունակվում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը


«Պետական քաղաքացիական ծառայության մասին» օրենքի՝ անցած տարեվերջին ուժի մեջ մտնելուց հետո, Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից պետական տարբեր կառուցվածքների թափուր պաշտոնների համալրման նպատակով հայտարարված 281 մրցույթներից կայացել է 248-ը։

Ինչպես երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց Պետական քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, անցկացված մրցույթներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 1200 մարդ, որոնցից 550-ը հաղթել են: Բադալյանի հավաստմամբ, մրցույթները կանխում են պատշաճ կրթություն ու փորձ չունեցող անձանց հայտնվելը պետական պաշտոններում: Դրա վկայությունն այն է, որ կայացած մրցույթներից 27-ում հաղթող չի ճանաչվել:

«Մասնավորապես մի քանի մասնագիտությունների գծով պատրաստված կադրեր, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին, ըստ էության, այնքան էլ շատ չեն», - պարզաբանեց Մանվել Բադալյանը՝ առանձնացնելով հատկապես ֆինանսիստների, իրավաբանների եւ տնտեսագետների շոշափելի դեֆիցիտը:

Պետական ծառայողի աշխատանքը հետզհետե գրավիչ է դառնում ոչ միայն իր հանրային վարկանիշի, այլեւ նյութական ապահովվածության առումով։ Հուլիսի 1-ից մոտ երկու անգամ բարձրանում է ավելի քան 7200 պետական քաղաքացիական ծառայողների աշխատավարձը։

«Աշխատավարձի մասին» նոր օրենքով պետական ծառայողի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 20.000 դրամ՝ ներկայիս 10.000 դրամի դիմաց։ Արդեն զգալիորեն ավելացել են հարկային եւ մաքսային աշխատողների աշխատավարձերը՝ հավանաբար հակակոռուպցիոն նկատառումներով: Այս բնագավառի աշխատողի աշխատավարձի միջինը 120 դոլարին համարժեք դրամ է, պարգեւատրումների եւ հավելումների հետ միասին՝ շուրջ 200 դոլար։

Հուլիսի 1-ից բարձրանում է նաեւ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, դատավորների աշխատավարձերը. Ենթադրվում է, որ այս կատեգորիայի մարդկանց վաստակները սահմանելով 700-1000 դոլար, կաշառքի եւ այլեւայլ ստվերային եկամուտների հավանականությունը կնվազի:

Անցյալ տարվա դեկտեմբերից սկսվել է պետական քաղաքացիական ծառայողների զանգվածային վերապատրաստման գործընթացը: Ըստ Բադալյանի, արդեն շուրջ 1900 մարդ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերում բարձրացրել է իր որակավորումը։ Քաղաքացիական ծառայության խորհրդի տարեկան ծրագրի համաձայն, մինչեւ տարեվերջ կվերապատրաստվի պետական ծառայողների մեկ երրորդը։

Մանվել Բադալյանը օրինակներ բերեց, երբ իրենց անցկացրած ստուգումներով պարզվել է, որ պետական պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ մարդիկ իրենց կրթական ցենզով չեն համապատասխանում այդ պաշտոնների անձնագրերով նախատեսված պահանջներին. չունեն համապատասխան կրթություն, ստաժ, նախկինում դատված են եղել:

«Մենք երկու դեպք ունենք արդեն, որ [պետական պաշտոն զբաղեցնող անձինք] Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն», - ասաց նա:

Օրենքի համաձայն, պաշտոնի պահանջներին չհամապատասխանող մարդիկ պետք է ազատվեն աշխատանքից, ու այդ տեղերի համար մրցույթ հայտարարվի։ Չի բացառվում, սակայն, որ անցանկալի ենթակայից ազատվելու նպատակով վերադաս պաշտոնյան սուբյեկտիվորեն փոխի պաշտոնի անձնագիրը։ Սա բացառելու համար այսուհետ նման փոփոխությունները կկատարվեն միայն Քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG