Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի արձանագրմամբ, վերջին օրերի ընթացքում «այնքան մարդկանց խոստացան նախարարական պորտֆելներ, իսկ հետո փոշմանեցին, այնքան անգամ փոխեցին կուսակցությունների միջեւ իշխանական կարկանդակի բաժանման տարբերակները, որ վերջնականապես պարզ դարձավ. մարդը հազվադեպ է խաղում գլխավոր դերը սեփական կյանքում»։ Այս ընթացքը «Հայոց Աշարհ»-ի խմբագիրը նմանեցնում է շանը պարանին կապած միս նետելուն, եւ ամեն դեպքում՝ այսօրինակ իշխանակազմավորման արդյունքում տեսնում է հետեւյալ հեռապատկերը. - «Մի քանի օրից խորհրդարանում կհավաքվեն ժողովրդի նորընտիր ծառաները՝ սկանդալներ սարքելու ու ջղաձգություններից թպրտալու։ Հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվությունից հալումաշ լինող կառավարությունը կսկսի խեղդել նրանց վերջին ուժերով, որպեսզի ընդունեն հերթական վիշապային օրենքները, իսկ պատգամավորները կփորձեն պլստալ՝ կամակորություններ անելով ու ձեւացնելով, թե պաշտպանում են ընտրողների շահերը, որոնց այդ նոր օրենքներն անպայման կկողոպտեն՝ կուսական մերկության աստիճան։ Սակայն օրենքները, միեւնույն է, կընդունվեն, եւ ընտրողները զարմանքով կհայտնաբերեն, որ կարելի է, պարզվում է, ապրել է'լ ավելի վատ, քան ապրում էին նախկինում»։

«Ազգ» թերթը պաշտոնաշուկայի շրջանակում ամրագրել է. - «Կառավարության եւ խորհրդարանի գլխավոր դերակատարների անվանացանկը, որը ստեղծված է «ես քեզ, դու ինձ» հարաբերությունների եւ ոչ թե «ճիշտ անձը ճիշտ տեղում» սկզբունքի վրա։ Այսուհանդերձ, պաշտոնաբաշխումն իրականացնողներն ունեն մի սկզբունք բաղկացած 3 կետերից. առաջին՝ պահպանել Հանրապետական կուսակցության դիրքերը, երկրորդ՝ իրականացնել «Օրինաց երկրի» ներկայիս ունեցած ամբիցիաները, երրորդ՝ չնեղացնել Դաշնակցությանը»: «Բոլոր այս ցուցանիշներով «Օրինաց երկիր»-ը ՀՀԿ-ի համար ավելի ընդունելի տարբերակ է իշխանությունը փաստացի կիսելու համար», - նշում է «Ազգ»-ի մեկնաբանը: - «ՀՅԴ-ն ունի ինչպես նյութական, այնպես էլ մարդկային կայուն ռեսուրսներ, իսկ «Օրինաց երկիր»-ը պոպուլիստական քաղաքականության վրա խարսխված ուժ է։ Իսկ պոպուլիզմը ոչ միայն անկայուն կատեգորիա է, այլեւ` հեշտ եւ արագ դիմակազերծվող։ Այսինքն ցանկացած պարագայում կարելի է նման քաղաքական ուժերին դարձնել քավության նոխազ եւ այս կամ այն խոստումը չկատարելու մեղադրանքով դնել նրա քաղաքական հեռանկարի, ինչպես ասում են, քարը։ «Օրինաց երկիրը» մյուս կողմից գործադիր իշխանության մեջ դրսեւորվելու փորձառություն չունի եւ նրա համար դժվար է լինելու շատ դեպքերում զերծ մնալ գայթակղություններից»։ Այս հայացքով «Ազգ»-ի մեկնաբանը չի բացառում, որ Դաշնակցությունը չհամակերպվի իրեն պարտադրվող համեստ դերակատարման հետ եւ գրանցվեն անակնկալներ:

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք Հանրապետական կուսակցության հետ արդեն պայմանավորվածության հանգել են՝ ինքը ընտրվում է Ազգային ժողովի նախագահ, իսկ Դաշնակցության հետ այդ հարցում պայմանավորվածություն ձեռքբերված չէ: Նա նաեւ հաստատել է, որ իր թեկնածությունը պնդել է Ռոբերտ Քոչարյանը:

«Իրավունք» թերթում այսօր մատնանշված է. - «Չպետք է ապագա կառավարության կազմն ու Ազգային ժողովի ղեկավարության ձեւավորումը կապել բացառապես նշված կուսակցությունների հետ: Բանն այն է, որ շուրջ երկու տասնյակ անկուսակցական պատգամավորներից «Ժողպատգամավոր» ներկայիս պատգամավորական խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը կազմելու է պատգամավորական խումբ, ինչը պետք է համարել ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի ստեղծված հակակշիռ: Եվ առնվազն խորհրդարանի ղեկավարություն կազմելու հարցում այդ խումբը շրջանցել հնարավոր չէ, ինչը կարող է էական շտկումներ մտցնել միջկուսակցական համաձայնությունների մեջ»: «Իրավունք»-ի առանձնացումներից է նաեւ, որ այս ամբողջ գործընթացների արդյունքում «նաեւ Սերժ Սարգսյանը պետք է լուծի իր քաղաքական կարգավիճակի բարձրացման խնդիրը, ինչի տարբերակներից է, օրինակ, որ նրան՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղարի, տրվի բոլոր ուժային կառույցների վրա ազդելու պաշտոնական լիազորություն»:

Իշխանական ճամբարից լուրեր են հասնում, իբր Քոչարյանին սատարող ուժերն այժմ պատրաստ են համարյա թե ընդդիմություն դառնալ, քանի որ բավարարված չեն ընտրությունների արդյունքներով։ Այս կապակցությամբ «Առավոտ»-ի խմբագրականում ընդգծվում է. - «Դժգոհ իշխանամետ ուժերը իրենց նախագահից չեն դժգոհում։ Նրանց քննադատության ամենաբարձր նշանաձողը վարչապետն է... Եթե ծանոթ չլինեինք հայրենական իրականությանն ու իշխանական Օլիմպոսում ուժերի իրական դասավորությանը, կարելի էր եւ հավատալ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանկարծ այնքան խիզախացավ ու ինքնուրույն դարձավ, որ առանց վերընտրված նախագահի կարծիքի հետ հաշվի նստելու՝ որոշեց օգտագործել կառավարության վարչական միջոցները՝ սեփական կուսակցության օգտին։ Սակայն այս պարզունակ հեքիաթին ի վիճակի չեն հավատալ անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ... Հետեւաբար, ՀՀԿ-ի հասցեին բոլոր իշխանամետ կուսակցությունների ուղղած լուտանքներն ընդամենը գահի մերձակայքում բազմաթիվ ֆավորիտների գզվռտոցի արտահայտություն են»։

«Այբ-Ֆե» թերթը Զինվորական դատախազությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացել է, որ օրերս ստուգումներ են տեղի ունեցել պաշտպանության նախարարության սպառազինության վարչությունում, ինչի ընթացքում ի հայտ է եկել խոշոր չափերի պահեստամասերի եւ անվադողերի հափշտակում՝ դրանց նախնական գումարը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար: «Քրեածին մթնոլորտը՝ անպատժելիության հետեւանք» վերնագրի տակ էլ «Այբ-Ֆե»-ն արձանագրում է. - «Վերջին շրջանում ավելացել է հանցագործությունների, մասնավորապես սպանությունների թիվը: Ընդ որում, սպանությունների կրում են ոչ այնքան իրավիճակային, արքան դիտավորյալ բնույթ»: «Այբ-Ֆե»-ի վերլուծությամբ՝ պատճառներից «ամենաառաջինն ու հիմնականը երկրում տիրող անպատժելիության մթնոլորտն է», որ դրսեւորվում է ընտրություններից մինչեւ կենցաղ: «Մյուս հիմնական պատճառը զենքի առատությունն է: Երբ երկրի հիմնական պաշտոնյաները իրենց կուսակիցներին ու մտերիմներին անվանական զենքեր են նվիրում, «դոբրոներ» ու ամեն կարգի արտոնություններ են տալիս, հետո էլ հայտարարում, թե պայքարում են ահաբեկչության ու կոռուպցիայի, հանցավորության աճի դեմ, ուղղակի ծիծաղելի է», - նշում է մեկնաբանը: - «Օրենքներին ենթարկվում են հասարակ, խեղճ քաղաքացիները, բայց ոչ ջիփի ղեկին նստածը կամ նրան ուղեկցող ոհմակը»: Ներքին գործերի համակարգն էլ հիմնովին փտած է: Համակարգի բարձրաստիճան սպաներից մեկը թղթակցին ասել է. - «Նախագահի կամ գործադիրի մակարդակով քաղաքական որոշում պետք է կայացնել, որպեսզի լուրջ պայքար ծավալվի հանցագործությունների դեմ, բայց այսօր իրենցից շատերը շրջապատված են հենց հանցագործներով, դրա համար էլ
լուրջ պայքար չի ծավալվում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG