Մատչելիության հղումներ

Իշխանամետ կուսակցությունները մոտ են հետընտրական համաձայնությանը


Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ ընթացող հետընտրական բանակցությունները Ազգային ժողովի ղեկավարության եւ կառավարության կազմում ներկայացվածության վերաբերյալ մոտ են հանգուցալուծմանը: Ըստ իրազեկ աղբյուրների, նախագահ Քոչարյանի «օրհնությամբ» քաղաքական համաձայնությունը Հայաստանի հանրապետական կուսակցության ու «Օրինաց երկիր»-ի միջեւ կայացել է:

Ըստ անանուն մնալ ցանկացած իրազեկ աղբյուրի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած տեղեկությունների, նշված համաձայնությամբ հանրապետականների առաջնորդը պահպանելու է վարչապետի աթոռը, իսկ «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է խորհրդարանի նախագահ:

Ռոբերտ Քոչարյանին սատարող երրորդ խորհրդարանական կուսակցության՝ Հայ հեղափոխական դաշնակցության՝ բանակցություններում առաջ մղած երկու իրողությունները, ըստ էության, նախագահ Քոչարյանի չի ընդունել:

Դաշնակցությունը պնդում էր նախ, որ նախագահին սատարած կուսակցությունների միջեւ բաշխվեն կարեւորագույն պաշտոնները՝ կառավարության նախագահի պաշտոնը՝ ՀՀԿ-ին, Ազգային ժողովի նախագահինը՝ «Օրինաց երկիր»-ին, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնը՝ Դաշնակցությանը: ՀՅԴ-ն նաեւ պնդում էր, որ ստեղծվի հակակոռուպցիոն մարմին եւ տրվի իրենց կառավարմանը:

Չընդունելով այս պայմանները, Ռոբերտ Քաչարյանը փոխարենը ՀՅԴ-ին առաջարկել է ԱԺ-ի մեկ փոխնախագահի, խորհրդարանական երկու հանձնաժողովի նախագահի պաշտոններ, ինչպես նաեւ 3 նախարարական եւ 2 մարզպետական պորտֆել:

«Դաշնակցության գերագույն մարմինն այսօր քննարկում է ընդհանրապես քաղաքական վերադասավորումների եւ կառավարությունում Դաշնակցության մասնակցության հարցը. որեւէ վերջնական որոշում այս պահին չենք կայացրել»,֊ - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Դաշնակցությունը մտադիր է չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը, ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը:

ՀՀԿ ղեկավար անդամ, հունիսի 12-ին լիազորությունները վայր դնող Ազգային Ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ, համամասնական ցուցակով վերընտրված Գագիկ Մինասյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կառավարություն ձեւավորելու շուրջ ինտենսիվ բանակցություններն ընթանում են Հանրապետականի խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Դաշնակցության, «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչների միջեւ:

«Որքան ես տեղյակ եմ, վերջնական համաձայնություններ դեռ ձեռք բերված չեն», - ասաց Մինասյանը՝ հավելելով այդուհանդերձ. - «Ուղղակի համոզված եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ իր վերջնական լուծումը կստանա: Այսօր-վաղը»:


Արմեն Զաքարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG