Մատչելիության հղումներ

Դաշնակցության ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկել են կազմավորվելիք կառավարությանն առնչվող հարցեր


Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ՝ նախագահ Քոչարյանի հետ բանակցություններն սկսվելուց ի վեր այս երկու կուսակցությունների միջեւ բանակցություններ տեղի չէին ունեցել: Կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ ստացած մյուս՝ «Օրինաց երկիր» կուսակցության հետ Դաշնակցությունը առայժմ չի հանդիպել:

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպման մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Որեւէ համաձայնություն չկա, ընդհանուր քննարկումներ են եղել: Մեր կուսակցությունն առաջիկա կառավարության ձեւավորման առումով հանդես է գալիս առաջին հերթին Հայաստանում ընդհանուր ռազմավարական մոտեցումների քննարկմամբ եւ ընդհանուր ելակետով: Այսօր այդ ուղղությամբ են ընթացել քննարկումները»:

Կուսակցության ներկայացուցիչները երեկ եւս հանդիպում են ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հարցին, թե նախագահը ընդունե՞լ է Դաշնակցության ներկայացրած սկզբունքները կառավարության ձեւավորման շուրջ, Մանուկյանը պատասխանեց, թե ինչ վերաբերում է պատասխանատվություն ստանձնող կուսակցությունների միջեւ կոալիցիոն կառավարության շուրջ հուշագրի կամ համաձայնության ստորագրմանը, դա պարտադիր անհրաժեշտություն է:

Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, որքան իրեն հայտնի է, նախագահ Քոչարյանն ընդունելի է համարել իրենց առաջարկներն այն մասով, որոնք վերաբերում են կոալիցիոն կառավարության աշխատանքին. այն է՝ որ հենց կուսակցությունն է առաջադրում կառավարության կազմում իրեն տրված պաշտոնի համար թեկնածուին, իսկ երբ կառավարությունն ընդհանուր առմամբ շեղվում է ծրագրից, կուսակցությունը կարող է դուրս գալ կառավարության կազմից:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ուղարկել է հետեւյալ պատասխանը. - ««Օրինաց Երկիր» կուսակցությունը համապատասխան Ազգային ժողովի ընտրություններում ստացած իր քվեներին՝ 22 պատգամավոր, կարող է հավակնել ԱԺ ղեկավար յուրաքանչյուր, այդ թվում ԱԺ խոսնակի, պաշտոնին... «Օրինաց երկիր»-ը ունի նաեւ բավականաչափ ներուժ եւ կադրային պոտենցիալ գործադիր իշխանությունում ներկայացված լինելու համար»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG