Մատչելիության հղումներ

Ինչպես ուրբաթ օրը ասել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Եվրոպայի խորհուրդը համաձայնելու է երկարաձգել Հայաստանում մահապատժի վերացման վերջնաժամկետը:

Ազգային ժողովի՝ շուտով արդեն նախկին փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, հաստատելով տեղեկությունը, որ Հայաստանը խնդրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վեց ամսով երկարաձգել մահապատժի վերացման վերջնաժամկետը, ասել է, որ այդ կազմակերպության՝ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող մարմինը դրական է վերաբերում Հայաստանի խնդրանքին:

Անցած սեպտեմբերին ընդունած բանաձեւով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախազգուշացրել էր, որ Հայաստանը պետք է չեղյալ համարի իրավական այն սողանցքը, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչներին:

Հարցը քննարկվել էր անցած ամսվա վերջին՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խմբի անդամների հայաստանյան այցի ընթացքում: «Քննարկումների արդյունքում խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները համոզվեցին, որ իսկապես նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել երկրում, հունիսի 1-ի վերջնաժամկետը իրական չէ, եւ առավել իրատեսական ժամկետ դիտվեց այս տարեվերջը», - այսօր ասել է Տիգրան Թորոսյանը:

Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը: Վուտովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց միայն, որ հարցը ներկայումս քննարկվում է խորհրդարանական վեհաժողովում, եւ ինքը տեղյակ չէ դրա ընթացքին: Նա ասաց նաեւ, թե դեռեւս հայտնի չէ՝ հարցը ընդգրկվելո՞ւ է հունիսի 23-ին սկսվող ամառային նստաշրջանի օրակարգում, թե՞ ոչ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG