Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պատրաստում է ՍԴ դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, թեեւ շատ քիչ հույսեր է տածում, թե Սահմանադրական դատարանը կբավարարի անցած խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով իրենց ներկայացնելիք հայցը, այդուհանդերձ պատրաստում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Այդ ուղղությամբ արդեն աշխատում է իրավաբանների խումբը՝ Վիկտոր Դալլաքյանի գլխավորությամբ: Սահմանադրական դատարան են դիմելու նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ չընտրված ընդդիմադիր 4 թեկնածու՝ Շավարշ Քոչարյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Սուրեն Աբրահամյանը եւ Արմեն Դանիելյանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց ընտրատարածքների արդյունքները:

Հինգշաբթի օրը հրավիրված ասուլիսում «Արդարություն» դաշինքի առաջնորդներից Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը ասաց, թե դաշինքը չի ակնկալում, որ Սահմանադրական դատարանը կբավարարի հայցը ու անվավեր կճանաչի համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները: Դրա հավանականությունը, նրա խոսքերով, «գրեթե զրոյի է ձգտում»:

«Հիմնական պատճառը [Սահմանադարական դատարան դիմելու] այն է, որ եթե մենք չդիմենք, կփակենք Եվրոպական դատարան դիմելու ճանապարհը», - բացատրեց Շավարշ Քոչարյանը:

Սահմանադրական դատարանը երկրի ներսում բողոքարկելու վերջին ատյանն է: Դրանից հետո ընդդիմությունը պատրաստվում է նախագահական ընտրությունների 2 փուլերի եւ խորհրդրանական ընտրությունների արդյունքները մեկ փաթեթով բողոքարկել Եվրոպական դատարանում:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունող ու, այդուհանդերձ Ազգային ժողով գնացող «Արդարություն» դաշինքը նոր խորհրդարանում կունանա 17 անդամից բաղկացած խմբակցություն. համամասնական ցուցակով անցած 14 պատգամավորներին կմիանան մեծամասնական ընտրակարգով ընտրված Սմբատ Այվազյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Մանուկ Գասպարյանը: Դաշինքի խմբակցությունը ղեկավարելու է Ստեփան Դեմիրճյանը:

Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չի ճանաչում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք իշխանական կուսակցությունը՝ Հայոց համազգային շարժումը, սակայն Սահմանադրական դատարան չի դիմելու, ինչի մասին հայտարարվեց այսօր հրավիրած ասուլիսում:

«Հայոց համազգային շարժումը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ հայտարարում է, որ Հայաստանը ոչ լեգիտիմ նախագահի կողքին ունեցավ նաեւ ոչ լեգիտիմ Ազգային ժողով», -կուսակցության հայտարարությունից ընթերցեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Չնայած ասուլիսում ընտրախախտումների բազմաթիվ կոնկրետ փաստեր բերվեցին, ՀՀՇ-ն Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, չի դիմելու: «Չենք դիմում հետեւյալ պատճառով», - պարզաբանեց Արարատ Զուրաբյանը: - «Որոշակիորեն պետք է ասի [Սահմանադրական դատարանը]՝ այո, եղել են խախտումներ, բայց արձանագրում ենք, որ ընդհանուր առմամբ, պրոցեսը էսպես է... Դրանով պետք է լեգիտիմացնենք այս արդյունքը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG