Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարան է դիմելու նաեւ ՀԺԱՄ-ը


Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը (ՀԺԱՄ), որը քաղաքական դաշտում իշխանամետ թեւի ներկայացուցիչներից է, պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Համամասնական ընտրակարգի քվեարկությամբ 5 տոկոսի շեմը հաղթահարելուն շատ մոտ գտնված կուսակցությունը, այդուհանդերձ, ըստ հրապարակված արդյունքների, ներկայացված չի լինի նորընտիր Ազգային ժողովում:

ՀժԱՄ-ի նախագահ Սեյրան Ավագյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե ընտրական հանձնաժողովների «սխալ հաշվարկների հետեւանքով» ՀԺԱՄ-ի ձայների թիվը նվազեցված է առնվազն 28 հազար ձայնով, մինչդեռ 5 տոկոսի շեմը հաղթահարելու համար իրենց չի բավականացրել ընդամենը 8 հազար ձայն:

Ավագյանի փոխանցմամբ, իրենց ստուգած 42 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում իրենց «վերականգնել են» 15 քվե: ՀԺԱՄ-ը Սահմանադրական դատարան է դիմելու՝ բոլոր 1885 ընտրատեղամասերում ձայները վերահաշվարկելու պահանջով:

Նրա խոսքերով, ստուգված տեղամասերում ՀԺԱՄ-ի օգտին տրված քվեաթերթիկները հայտնաբերվել են ընտրական հանձնաժողովներում անդամներ ունեցող տարբեր կուսակցությունների տրցակներում: Ավագյանը, սակայն, կոնկրետ որեւէ կուսակցության անուն չնշեց:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG