Մատչելիության հղումներ

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները քննարկեցին ահաբեկության դեմ պայքարի խնդիրները


ԱՊՀ տասը երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որն այսօր ավարտվեց Հայաստանի մայրաքաղաքում, քննարկումները հիմնականում վերաբերել են ահաբեկության դեմ պայքարի խնդիրներին:

Ավելի վաղ ստեղծված՝ ԱՊՀ երկրներում ահաբեկության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար է նշանակվել երեւանյան նիստում Ռուսաստանի ներկայացուցիչ Միլնիկովը:

Նիստի օրակարգում ընդգրված շուրջ երկու տասնյակ հարցերը վերաբերում էին նաեւ պետական սահմանների պաշտպանությանը, էներգետիկ ձեռնարկությունների պահպանմանը:

Նիստի ավարտին հրավիրված ասուլիսում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը խուսափեց որոշակի պատասխան տալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու կտրուկ քայլեր չձեռնարկվեցին, երբ անցյալ տարի Ռուսաստանի որոշ շրջաններում բռնություններ տեղ գտան հայերի նկատմամբ: Պատրուշեւը ասաց սոսկ, թե ԱՊՀ անվտանգության ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերը լավ առիթ են տեղեկատվության փոխանակման եւ մոտեցումների մշակման առումով, ինչը «կնպաստի ԱՊՀ բոլոր ռեգիոններում իրավիճակի նորմալացմանը»:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Կառլոս Պետրոսյանը, նույն հարցին ի պատասխան, ասաց, թե նման դրսեւորումները «չի կարելի համարել, որ կրում են զանգվածային բնույթ»: «Ես տեղյակ եմ, որ Ռուսաստանում լուրջ միջոցառումներ են ձեռնարկված այդ խնդրի լուծման համար ինչպես Կրասնոդարում, այնպես էլ Մոսկվայում, եւ խնդրի լուծմանը կա լուրջ պետական մոտեցում», - ասաց Պետրոսյանը:

Անցած նիստին պիտի մասնակցեր նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչը, սակայն, ինչպես ասաց Նիկոլայ Պատրուշեւը, նախնական որոշումը վերանայվել է՝ «ըստ երեւույթին, երկրի ներսում ստեղծված իրավիճակ-ի պատճառով»:

Ադրբեջանական մամուլում, սակայն, հրապարակումներ են եղել, թե երկրի ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել «պարզաբանմամբ», թե ահաբեկության դեմ պայքարի հարցերի քննարկումը մի երկրի մայրաքաղաքում, որը «ագրեսիա եւ պետական ահաբեկություն է իրականացնում Ադրբեջանի նկատմամբ», կարող է ընկալվել իբրեւ այդ քաղաքականության արդարացում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG