Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը հրաժարվում է բոյկոտի գաղափարից


Չորեքշաբթի օրը շուրջ երկժամյա քննարկումներից հետո «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունների առաջնորդները միասնաբար ետ կանգնեցին Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով իրենց ստացած տեղերը բոյկոտելու գաղափարից:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի փոխանցմամբ, դաշինքը պահպանելու է նախկին դիրքորոշումները. չեն ընդունելու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ շարունակելու են պայքարը թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս եւ թե Սահմանադրական դատարանում՝ մինչեւ վերջնական նպատակին հասնելը:

«Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 14 անդամներն էլ առանց վերապահման գնալու են խորհրդարան: Թեեւ դա չի նշանակում, որ դաշինքը քաղաքական այս կամ այն իրավիճակում չի կարող հետագայում բոյկոտել Ազգային ժողովի աշխատանքները:

Նույնիսկ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, ով բոյկոտի գաղափարի ամենաջերմ կողմակիցն էր, այսօր կողմ է դաշինքի կայացրած որոշմանը:

«Ինձ համար շատ հաճելի կլիներ ազատ լինել այս պրոցեսներից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: - «Բայց կա քաղաքական նպատակահարմարություն, ի վերջո՝ պատասխանատվություն»:

Ընդդիմադիր դաշինքի կայացրած որոշումը պայմանավորված է նաեւ հանգամանքով, որ օրենքը չի կարգավորում, թե ինչ հետեւանքներ կարող են լինել մանդատներից հրաժարվելու դեպքում: «Մինչդեռ», - ասաց Բազեյանը, - «մենք գիտենք, որ ԿԸՀ-ն նման տեսակետ է արտահայտել, որ այդ մանդատները կարող են վերաբաշխվել մնացած կուսակցությունների միջեւ, քաղաքական ուժերի եւ դաշինքների միջեւ: Սա կանխելու համար մենք որոշում կայացրեցինք, եւ մեծամասնության տեսակետը դա էր, որ պետք է վերցնել մանդատները եւ որոշակի պայմաններով մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին՝ մեզ իրավունք վերապահելով բոյկոտելու արարողակարգային միջոցառումները, այնտեղ, որտեղ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցում»:

Բազեյանը չբացառեց, որ դաշինքը չմասնակցի նաեւ ԱԺ ղեկավար մարմինների ձեւավորման աշխատանքներին: Համենայնդեպս՝ թեկնածություններ չեն առաջադրելու կամ եթե առաջադրեն, ապա` միայն համապատասխան պայմաններ ներկայացնելուց հետո:

Բազեյանը վերահաստատեց, որ դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում, թեեւ մեծ հույսեր չեն կապում: Այդուհաներձ՝ «հանկարծ ու վերանայվեցին»: «Դա կլինի լիարժեք լուծում», - ասաց Ալբերտ Բազեյանը: - «Եթե չէ՝ փորձելու ենք շարունակել մեր հայցադիմումի ընթացքը դեպի Եվրոպական դատարան»:

Բազեյանի փոխանցմամբ, դաշինքի պատգամավորները աշնանային նստաշրջանում հանդես են գալու օրենսդրական լուրջ նախաձեռնություններով՝ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» օրենքում եւ Ազգային ժողովի կանոնակարգում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG