Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վերահաստատում է Մեծամորի ատոմակայանը «փակված տեսնելու» ցանկությունը


Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ընդհանուր վարչության պետ Հյուգոս Մինգարելլին չորեքշաբթի օրը վերահաստատեց իր ներկայացրած կազմակերպության ցանկությունը՝ «փակված տեսնել» հայկական ատոմակայանը:

Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի 4-րդ նիստի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում Մինգարելլին հայտարարեց. - «Եվրոպական միությունը վերստին հաստատում է իր ցանկությունը՝ տեսնել Մեծամորի ատոմակայանը փակված»:

«Ներկայումս մենք ԱԷԿ-ին տնտեսապես փոխարինող հզորությունների շահավետության հետ կապված հետազոտություն ենք անում», - շարունակեց Եվրամիության ներկայացուցիչը: - «Ամռան ընթացքում դրանց արդյունքներն արդեն մատչելի կլինեն։ Հենվելով դրանց վրա, մենք կվերսկսենք բանակցությունները հայկական կողմի հետ, որպեսզի փոխադարձ ընդունելի որոշումներ գտնվեն»:

Մինգարելլին փոխանցեց նաեւ թե, Եվրամիությունը Մեծամորի ԱԷԿ-ի փակման դիմաց իր միջոցներից առաջարկում է 100 միլիոն եվրո ինչպես նաեւ խոստանում է դոնորների կոնֆերանս հրավիրել ու նրանց ֆինանսական մասնակցությունը եւս ապահովել։

Իբրեւ Ատոմակայանի փակման այլընտրանք վերջին տարիներին միշտ արծարծվել է Իրան - Հայաստան գազատարի շուտափույթ կառուցման ծրագիրը։ Եվրոպական միությունը միշտ պաշտպանել է այս գաղափարը, նույնիսկ 3 միլիոն եվրո է հատկացրել այդ գազատարի շինարարության նախագծի մշակման համար։ Այդուհանդերձ, Եվրամիության ներկայացուցիչն այսօր դեռեւս վաղ համարեց իր կազմակերպության, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից այդ գազատարի շինարարության ֆինանսավորումը՝ հավելելով, թե գոյություն ունեն այլընտրանքներ, որոնք կարող են պարտադիր չդարձնել Իրան- Հայաստան գազատարի շինարարությունը:

Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում անցկացված երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են կողմերի միջեւ կնքված «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի» կատարման հետ կապված հիմնական հարցերը։ Օրակարգը, տնտեսական հարցերից զատ, ներառել է նաեւ տարածաշրջանային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ, ներառյալ՝ արդեն ավարտված ընտրությունները։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG