Մատչելիության հղումներ

Հանրապետականները Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկություն են ներկայացանելու


Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքեի ընթացքում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրին իր առաքելության ավարտին այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ, խոհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Ինչպես նշված է կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդագրության մեջ, դեսպան Բարրին Հանրապետական կուսակցության ղեկավարին «շնորհավորել է ընտրություններում ունեցած հաջողության համար եւ նշել, որ վաղը իր գլխավորած առաքելությունը կհրապարակի 4-րդ միջանկյալ հաշվետվությունը, որտեղ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաքելության ընդհանուր գնահատականը կպահպանվի»: Ինչ վերաբերում է վերջնական եզրակացությանը, ապա այն կհրապարակվի գալիք ամսվա ընթացքում:

Ռոբերտ Բարրին տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները դեռեւս կմնան Հայաստանում՝ հետեւելու 3 ընտրատարածքներում տեղի ունենալիք վերընտրությունների ընթացքին՝ կարեւորելով «ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչը կվերականգնի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»:

Վարչապետը իր հերթին նշել է, որ ՀՀԿ-ն հիմնականում համաձայն է դիտորդական առաքելության զեկույցի գնահատականների հետ եւ գտնում է, որ նկատված խախտումներն ու թերությունները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա: Իսկ ընտրական գործընթացի վրա ստվեր գցած առանձին դեպքերի վերաբերյալ, Հանրապետական կուսակցությունը, ըստ նրա ղեկավարի, իր բացասական վերաբերմունքն ու դիրքորոշումն արդեն արտահայտել է:

Անդրանիկ Մարգարյանը միաժամանակ նշել է, որ ընտրությունների հետ կապված ՀՀԿ-ն իր մոտեցումներն առաջիկայում կամփոփի, որոնց արդյունքում առաջարկներ կներկայացնի Ընտրական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ կատարելու համար: Նա ասել է նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը կողմ է համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի հարաբերակցության փոփոխությանը հօգուտ առաջինի, քանի որ «քաղաքական ուժերի լիարժեք դրսեւորման , նրանց ակտիվ գործունեեության համար դա նպաստավոր կլինի»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG