Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է թանկացել հացը


Ազգային ժողովի ընտրություններից հետո կտրուկ բարձրացել է հացի գինը՝ 10-12 տոկոսով: Սպառողների դա բացատրում են որոշ նորընտիր գործարար-պատգամավորների՝ ընտրարշավում ծախսած գումարները հետ բերելու մղումով: Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը ներկայումս իրականացնում է հացամթերքի շուկայի մոնիտորինգ, առայժմ որեւէ բացատրություն չի տալիս:

Դեռեւս նախագահական ընտրություններից հետո որոշակիորեն թանկացան մսամթերքը, ձկնեղենը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ապրիլ-մայիս ամիսներին սննդամթերքի գների աճը կազմել է 5,2 տոկոս, այն դեպքում, երբ մարտին գներն աճել էին ընդամենը 1,9 տոկոսով։ Վիճակագիրները եւս փաստում են, որ էապես բարձրացել են մսամթերքի, բուսական յուղի, որոշ չափով նաեւ ալկոհոլային խմիչքների, սիգարետի գները։

Ալյուրի գների նախորդ օրերի սահուն բարձրացումը, սակայն, վերջին օրերին վերածվել է գների 20-30 տոկոսանոց թռիչքի։ Թանկացումները աննախադեպ են. 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրի գինը նախկին 6500 դրամի փոխարեն այժմ 8500 դրամ է, հեռավոր մարզերում նույնիսկ 9,5 10 հազար դրամ։

Շարքային սպառողները հացի գների՝ ընտանեական բյուջեին շոշափելի հարվածող բարձրացումը կապում են ընտրությունների ավարտի հետ:

«Իրենք իրենց գործերը արեցին՝ ինչ իրենց պետք էր, հետո անմիջապես թանկացրին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի կին:

Որոշ պաշտոնական աղբյուրներ հացի թանկացումը բացատրում են Ռուսաստանում հացահատիկի գների աճով, ինչը այդ երկրում դեֆիցիտի առաջացման հետեւանք է։ Հացահատիկը Հայաստան հիմնականում այդ երկրից է ներկրվում։

Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում հերքեց այն լուրերը, թե իբր հացահատիկ ներկրող գործարարները դիտավորյալ պահանջարկից պակաս հացահատիկ են ներկրել ու, արհեստական դեֆիցիտ առաջացնելով, բարձրացրել ալյուրի գները։ Նրա փոխանցմամբ, այս տարվա առաջին եռամսյակում մոտ 8 հազար տոննայով ավելի հացահատիկ է ներկրվել նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ: Անցյալ տարվա հացահատիկի բերքը եւս ավելի էր նախորդ տարվանից։ «Ուստի գնի բարձրացումը դեֆիցիտի հետեւանք չէ», - վստահեցրեց Ղալթախչյանը:

Մամուլում հացի թանկացման մեկ այլ բացատրություն էլ է շրջանառվում, ըստ որի, հացահատիկն արհեստականորեն թանկացրել են այդ շուկայում առաջատար դիրք զբաղեցնող, այսինքն՝ մենաշնորհ ունեցող ընկերությունները։ Օրինակ, «Աստղացոլք» ընկերությունը, որի նախագահը մայրաքաղաքի թիվ 14 ընտրատարածքից միանձնյա քվեարկությամբ պատգամավոր դարձած գործարար Սամվել Ալեքսանյանն է։ «Աստղացոլք»-ին բաժին է ընկնում հացահատիկի շուկայի մոտ 40 տոկոսը, էթիլային սպիրտի՝ 76 տոկոսը, շաքարավազի 97 տոկոսը։

Պավել Ղալթախչյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հացի գների բարձրացումը շուկայում առաջատար ընկերության գերիշխող դիրքի չարաշահման կամ շուկայում աշխատող մի քանի ընկերությունների միջեւ գների շուրջ գաղտնի համաձայնության հետեւանք է, ասաց միայն,թե դա ապացուցելը «բավականին աշխատատար աշխատանք է»:

«Դա պետք է ապացուցել՝ դատական կարգով եւ այլն, եւայլն», - ասաց նա՝ ավելացնելով, որ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի օր է, ինչ հացամթերքների շուկայի մոնիտորինգ է իրականցնում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG