Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կուլիսները հետեւում» շարքում «Հայկական ժամանակ» թերթն այսօր մատուցում է. -«Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում պարզվել է, որ Ազգային ժողով մտած գրեթե բոլոր ուժերը կտրականապես դեմ են Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահ ընտրելու տարբերակին: Այժմ Բաղդասարյանը համարվում է ԱԺ փոխխոսնակի թեկնածու»: Այդ կուսակցությանը, ըստ թերթի, «առաջարկվելու է նախարարական երեք պորտֆել՝ գյուղնախարարինը, սոցապ նախարարինը, առողջապահության նախարարինը: Կարող է տրվել նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւ փոխնախարարական մի քանի պորտֆելներ»: Հանրապետական կուսակցությունը թերեւս կպահպանի իր բոլոր պաշտոնները: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, վերջինիս տրվելու է ԱԺ փոխխոսնակի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, կրթության եւ քաղաքաշինության նախարարների պաշտոնները:

«Առավոտ» թերթի լրատվությամբ՝ «Օրինաց երկիր»-ն, ըստ էության, շատ ավելի շահում է, եթե չի ստանում Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, դրա փոխարեն նրան տրվելու են նախարարական երեք պորտֆելներ (առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ բնապահպանություն), նաեւ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Դաշնակցությունը կպահպանի իր երկու նախարարական պորտֆելները, կստանա երեք մարզպետական աթոռ, վեց փոխնախարարի, ԱԺ մեկ փոխնախագահի եւ ԱԺ մեկ մշտական հանձնաժողովի նախագահի: «Ուժային նախարարները կշարունակեն պաշտոնավարել, այդ թվում նաեւ՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Եթե, իհարկե, վերջին պահին չվճռի իր ձեռքը վերցնել ԱԺ-ն կամ էլ վարչապետի պաշտոնը։ Դա կարող է լինել չափազանց ծայրահեղ իրավիճակում, երբ չգտնվի բոլոր կողմերի համար ընդունելի ԱԺ նախագահ եւ ստիպված լինեն «ռակիրովկա» կատարել՝ Անդրանիկ Մարգարյանին հանձնել ԱԺ նախագահի պաշտոնը», - ենթադրում է «Առավոտ»-ի մեկնաբանը։ - «Այդ դեպքում վարչապետությունը Սերժ Սարգսյանն իրենից բացի ոչ մեկին չի վստահի»։

«ԱԺ ընտրություններից հետո անխուսափելիորեն պետք է հստակեցվի ոչ միայն իշխանության եւ ընդդիմության ջրբաժանը, այլեւ իշխանությանն աջակցող առանձին կուսակցությունների «քաղաքական կարգավիճակը», - ընդգծվում է «Հայոց Աշխարհ» թերթում: - «Հակառակ պարագայում, նորից կարող է կրկնվել ձախողումները մեկը մյուսի վրա գցելու, փոխադարձ մրցակցության քաջածանոթ գործընթացը. այդպես էլ չեն հստակեցվի իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ ողջ քաղաքական դաշտի առողջացման համար անհրաժեշտ քաղաքական պատասխանատվության հիմնահարցը»:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ, հիմա ամենաուժեղ դիրքերն ունի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. - «Դա է վկայում այն, որ նա, չսպասելով Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հրամանագրին, բավականին ոչ նրբանկատորեն փաստ է համարում նաեւ իր ապագա վարչապետությունը եւ պայմաններ է առաջ քաշում, թե ինչպիսին պետք է լինի կառավարությունը: Ըստ էության, նա վերջնագիր է առաջ քաշել, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կառավարությունում կընդգրկվեն միայն այն դեպքում, եթե Հանրապետական կուսակցության հետ հավասար պատասխանատվություն ստանձնեն կառավարության գործունեության համար: Այնպես որ», - բխեցվում է «Իրավունք»-ում, - «մասնավորապես դաշնակցականները, որ շարունակում են իշխանությունից սահմանազատվելու հրապարակային փորձերը՝ Հանրապետական կուսակցությանը «իշխանության կուսակցություն» պիտակելով եւ մեղադրելով ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ, պետք է ընտրություն կատարեն. կա'մ պատասխանատվություն են կիսում ՀՀԿ-ի հետ, կա'մ զրկվում են նախարարական պորտֆելներից»:

«Դեռեւս հայտնի չէ, թե ում համար կազմվեց օրենսդիր մարմինը՝ ժողովրդի, թե իշխանության», - զգույշ վերապահական դիրքերից է շարունակում արտահայտվել ռամկավարների «Ազգ» թերթը: Իսկ ընդդիմությունից նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Այբ-Ֆե» թերթի՝ «I՞նչ է շահում դաշինքը մանդատների չվերցնելու դեպքում» հարցին պատասխանել է. - «Արտակ Սահրադյանի կարծիքը, թե «Արդարության» ձայները բոյկոտի դեպքում կբաշխվեն մյուս կուսակցությունների միջեւ, աբսուրդ է: Այդ առումով, երբ դիմում ենք Սահմանադրական դատարան, դուրս գալու դեպքում նաեւ հստակ պատկերացում ունենք, թե դիտորդների, թե Սահմանադրական դատարանի տեսակետի վերաբերյալ, ու քանի որ իրավական դաշտում կա բաց, ընտրությունները պետք է համարել անվավեր եւ հայտարարել նոր ընտրություններ: Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը ուղղակի դառնում է ֆիկցիա եւ սահմանադրորեն իր վրա դրված պարտականությունները չկատարած մարդ... Իսկ սահմանադրական կարգը վերականգնվում է ապօրինի իշխանությանը իշխանությունից զրկելով: Մենք ուղղակի գնում ենք միայն այդ ուղղությամբ: Մեր կուսակցությունը չի համարում, որ մեր խնդիրն է մանդատներ ունենալ Ազգային ժողովում եւ փորձել զբաղվել օրենսդրական աշխատանքով: Որեւէ օրենսդրական աշխատանք այս երկրում հնարավոր չէ, քանի դեռ երկրում իշխանությունը բռնազավթված է, քանի դեռ երկրում տիրում է այն համակարգը, որ իր մեջ բաժանել է ամեն ինչ եւ այն համակարգը, որ աշխատում է մեկ մարդու «դոբրոների» մեխանիզմով: Անիմաստ է լավ օրենքներ ստեղծելը, եթե դրանք կատարողներ չկան», - եզրափակում է Արամ Սարգսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG