Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը կրկին դիմելու է Սահմանադրական դատարան


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը պատրաստում է մայիսի 25-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները անվավեր ճանաչելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Այդ նպատակով դաշինքը կազմող բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները այսօր հատուկ նիստում ստեղծեցին աշխատանքային խումբ: Ակնկալվում է, որ դիմումը Սահմանադրական դատարան կներկայացվի հունիսի 5-6-ին:

«Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից Ստեփան Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց Սահմանադրական դատարանի որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը վստահեցրեց, թե Ազգային Ժողովի աշխատանքը բոյկոտել֊-չբոյկոտելու հարց այսօր չեն քննարկել: «Դեռ ժամանակ ունենք»,- ասաց նա: Շաբաթ օրը Բազեյանը հայտարարել էր, որ անձամբ ինքը, իր կուսակցությունը հակված են բոյկոտին:

«Հիմա, եթե մենք միանգամից հրաժարվում ենք մեր մանդատներից, երաշխիք չունենք, որ այս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Արդարություն» դաշինքի բաժին մանդատները համամասնորեն չի բաժանի այլ կուսակցությունների միջեւ», - ասաց Բազեյանը՝ ավելացնելով, թե որոշումը «կկայացվի դաշինքով»:

Իր նման կարծիքը այդ հարցում հաստատեց նաեւ «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ստեփան Զաքարյանը:

«Մենք կարծում ենք, որ ե'ւ մեծամասնական, ե'ւ համամասնական կարգով ընտրությունները, եւ սահմանադրական հանրաքվեն... զանգվածային կեղծիքներն են արվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դաշինքին անդամակցող կուսակցություններից ԱԺԴ-ի առաջնորդ Արշակ Սադոյանը:

Դաշինքի ղեկավարները վստահեցրին, որ քանի դեռ քվեարկության արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում, անիմաստ է դաշինքի քննարկումների օրակարգում ներառել Ազգային ժողովի ղեկավար պաշտոններում դաշինքի ներկայացուցիչների ընդգրկման հարցը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG