Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամը դադարեցրել է Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնի ֆինանսավորումը


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցրել է Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ֆինանսավորումը: Դա փակվելու վտանգի առջեւ է կանգնեցնում Հովհաննիսյանի ստեղծած բոլոր կառույցները, այդ թվում՝ արդեն 7-րդ տարին հրատարակվող «Հայացք Երեւանից» ամսագիրը եւ «Օրրան» օրաթերթը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ղեկավար Թաթուլ Մանասերյանի խոսքերով, «Լինսի» հիմնադրամը ֆինանսավորումը դադարեցրել է քաղաքական դրդապատճառներով, իսկ այդ քայլին դիմել է՝ հետեւելով Հայաստանի իշխանությունների հորդորներին:

«Հայտնի է, որ «Լինսի» հիմնադրամը երկար ժամանակ աջակցել է [կենտրոնին], եւ դա մենք շատ բաց ձեւով հրապարակում ենք մեր ամենամյա տեղեկատուում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանասերյանը: - «Մեկ անգամ չէ, որ փորձել են «Լինսի» հիմնադրամից մեզ եկող օգնությանը խոչընդոտել՝ քաղաքական նպատակներով, եւ ամեն անգամ, հիմնավոր փաստարկ չունենալով, չեն կարողացել իշխանությանը հարող շրջանակները»: Իսկ այս անգամ, նրա ձեւակերպմամբ՝ իրենք «շատ լավատես» չեն:

Մանասերյանի խոսքերով, դա պայմանավորված է կենտրոնի հիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանին առնչվող տարբեր քաղաքական խնդիրներով:


Կենտրոնի այլ պատասխանատու աշխատակիցներ կարծիք հայտնեցին, թե Հայաստանի իշխանությունները ավելի մեծ ակտիվությամբ սկսեցին այդ ուղղությամբ գործել, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին եւ, հատկապես՝ երբ հայտարարեց նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին:

Այսօր շուրջ 10 տարի գործող Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, արդեն 7-րդ տարին հրատարակվող «Հայացք Երեւանից» ամսագիրը, ինչպես նաեւ անցյալ տարվանից հրատարակվող «Օրրան» թերթը հայտնվել են խիստ ծանր կացության մեջ:

Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած կառույցներից, տպագիր պարբերականներից ոչ մեկը, այդուհանդերձ, չի լուծարվում, թեեւ աշխատանքները, գոնե առժամանակ, դադարեցվում են:

Թաթուլ Մանասերյանը փոխանցեց, որ փորձելու են պահպանել կայացած, Հայաստանում եւ դրսում սիրված պարբերականները՝ «Հայացք Երեւանից» ամսագիրն ու «Օրրան» օրաթերթը: Վերջինս, նրա խոսքերով, «դժվար ժամանակներում» գուցե հրատարակվի որպես շաբաթաթերթ՝ հետագայում կրկին օրաթերթ դառնալու հույսով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Հրաչ Հակոբյանը մինչդեռ, չի կիսում Մանասերյանի ու այլոց կարծիքը, թե «Լինսի» հիմնադրամը ֆինանսավորումը դադարեցրել է քաղաքական դրդապատճառներով:

«Լինսի» հիմնադրամի ե'ւ հիմնադիրը, ե'ւ այնտեղ աշխատող մարդիկ, քաղաքակիրթ երկրում ապրելով, գիտեն, թե ինչ է նշանակում քաղաքական պայքար կամ քաղաքականությունում կարծիք արտահայտելու իրավունք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբյանը: - «Դա պատճառ չէր կարող հանդիսանալ ինչ-ինչ հարաբերությունների վատացման համար: Չեմ կարծում»:

Թաթուլ Մանասերյանը նաեւ հերքեց որոշ լրատվամիջոցների հրապարակումները, թե ինքը «լքում է» Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դրանք որակելով «շահարկումներ» եւ «թյուր պատկերացումներ»:

«Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համախոհներ ենք, ընկերներ, եւ քաղաքականությունը այս պարագայում որեւէ առնչություն չունի: Մեր հարաբերությունները շատ ամուր են, կայուն», - ասաց նա՝ ավելացնելով, որ «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում էլ ինքն ընդգրկվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի համաձայնությամբ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG