Մատչելիության հղումներ

Հայաստանի խաղաղապահները Կոսովո կմեկնեն օգոստոսին


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հատուկ հանդիսությամբ հինգշաբթի օրը առաջին անգամ նաեւ Հայաստանում նշվեց Խաղաղապահի օրը: Հանդիսությանը մանսակցող պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի տեղեկացմամբ, արդեն գալիք օգոստոսին հայ զինվորականները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Կոսովոյում:

«Մենք այսօր ուրախ ենք տոնել այն փաստը, որ Հայաստանը շուտով կդառնա այն երկրներից մեկը, որը ապահովում է խաղաղապահ գործողությունների իրականացումը», - ասաց պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, գեներալ Միքայել Մելքոնյանը: - «Այս տարի օգոստոսին նրանք իրենց առաջին խաղաղապահ առաքելությունն են իրագործելու Կոսովոյում»:

Մելքոնյանը փոխանցեց նաեւ, որ Կոսովո մեկնելու է միայն մեկ դասակ՝ 30 զինվորական: Խաղաղապահ գումարտակը Հայաստանի զինված ուժերի կազմում ստեղծվել է 2001 օգոստոսին ՄԱԿ-ի ու Հայաստանի միջեւ ստորագրված համապատասխան հուշագրի հիման վրա: Գումարտակի կազմավորման եւ ուսուցման գործում մեծ ավանդ ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Հայաստանի մերձավորագույն դաշնակից Հունաստանը:

Խաղաղապահ գումարտակի հրամանատար, կապիտան Արտակ Տոնոյանի խոսքերով, ներկայում այդ ստորաբաժանումը համալրված է մեկ վաշտով միայն՝ շուրջ 100 զինվորական, սակայն արդեն ծրագրված է երկրորդ՝ հրաձգային վաշտի կազմավորումը:

Հայաստանի խաղաղապահ գումարտակի մեկ ստորաբաժանում անցյալ տարի հաջողությամբ մասնակցել էր Վրաստանում կազմակերպված «Լավագույն համատեղ ջանք -2002» զորավարժություններին: 19 երկրների զինվորականների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի նույնանուն զորավարժությունները այս տարի անցկացվելու են Հայաստանում հունիս ամսվա ընթացքում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG