Մատչելիության հղումներ

Անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, համամասնական ընտրակարգով առավել ձայներ ստացած Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահ է, որ կպահպանի իր պաշտոնը:

Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում, պատասխանելով կառավարության կազմում փոփոխություններին վերաբերող հարցին, Մարգարյանը դա պայմանավորեց ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հարաբերակցությամբ: «Մի բան պարզ է», - ավելացրեց նա. - «Հանրապետականը պահպանելու է վարչապետի պաշտոնը»:

«Կբանակցենք մյուս կուսակցությունների հետ, կփորձենք նրանց էլ ներգրավել կառավարության կազմում, որպեսզի ոչ թե միայն մեկ կուսակցության վրա պատասխանատվությունը լինի, այլեւ այն բոլոր ուժերը, որ ներկայացված են Ազգային ժողովում եւ դրական վերաբերմունք ունեն հանրապետության նախագահի ծրագրին, կարողանանք նրանց հետ միասին քննարկել մեկ ընդհանուր ծրագիր», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարություն կազմում կլինեն նաեւ ոչ կուսակցական արհեստավարժներ:

Հարցին, թե կստանա՞ արդյոք ՀՅԴ-ն որեւէ ուժային կառույցի ղեկավարի պաշտոն, ինչպես օրերս ակնարկել էր Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. - «Ոչ, որովհետեւ ուժային պորտֆելներից քաղաքականացված պաշտոնը միայն պաշտպանության նախարարի պաշտոնն է, որը, բնականաբար, մենք որեւէ մեկին չենք զիջի»:

Իսկ ինչ վերաբերում է ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայություններին, ապա, վարչապետի խոսքերով, դրանք կառավարությանը ենթակա ծառայություններ են, որոնց պետերը «քաղաքական պաշտոններ չեն, հետեւաբար ընդհանրապես քննարկման առարկա չեն լինի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ»:

Անդրադառնալով մամուլում այսօր հրապարակված տեղեկատվությանը, թե Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվելու է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե յուրաքանչյուր նշանակում կատարվելու է «քաղաքական համաձայնությունների շրջանակում»:

Վարչապետը ասաց նաեւ, որ կառավարությունը հրաժարական չի տալու, մոտակա 20-25 օրվա ընթացքում կառավարության կազմում կկատարվեն որոշակի փոփոխություններ՝ հույս հայտնելով, որ փոփոխված կառավարությունը կարտահայտի Ազգային ժողովի ուժերի հարաբերակցությունը եւ միասնաբար պատասխանատվություն կկրի:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG