Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը պնդում է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները


Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը դեռ երեկ հայտարարություն էր տարածել, իսկ այսօր դաշինքի ղեկավարները «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեցին այդ դիրքորոշումը:

«Արդարություն» դաշինքի առաջնորդ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, ընտրությունների հրապարկված արդյունքները որեւէ առնչություն չունեն ժողովրդի կատարած իրական ընտրությանը:

«Այս ընտրությունները հերթական հիասթափեցնող եւ խայտառակ ընտրություններն էին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը: - «Ակնհայտ է, որ զգալիորեն ուռճացված է մասնակիցների թիվը: Ակնհայտ է նաեւ, որ դաշինքի ձայները նվազեցվել են, պակասեցվել են»:


Հարցին, թե հնարավո՞ր է որ դաշինքը բոյկոտի դիմի եւ չգնա խորհրդարան, Դեմիրճյանը պատասխանեց. - «Կքննարկենք»:

«Կարելի է արդեն ասել, որ ծայրից ծայր կեղծված, նույն տեխնոլոգիաները՝ երբեմն մի քիչ ավելի նրբացված, իրականացվում էին, որոնք կային նախորդ ընտրությունների ժամանակ», - ասաց ընդդիմադիր դաշինքի ղեկավարներից Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ դեմ արտահայտվելով բոյկոտի գաղափարին: - «Պառլամենտում լինելով հնարավորություն ես ունենում պայքարելու երկրի ապագայի համար ավելի շատ, քան եթե գտնվում ես դրսում: Ես իմ փորձից ելնելով, գտնում եմ, որ չի կարելի հրաժարվել Ազգային ժողով մտնելուց»:

«Պետք է պայքարել մինչեւ վերջ», - շարունակեց Վազգեն Մանուկյանը՝ ասելով, թե հարկավոր է մեկ տարվա ընթացքում իրականացնել նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի ընդունած որոշման մեջ առաջարկված նախագահ Քոչարյանի «վստահության հանրաքվեն»:


Շաքե Ավոյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG