Մատչելիության հղումներ

logo-print

Չնայած առաջընթացին, անցած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին


Հայաստանի խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրավքեի դիտարկման շուրջ վերջնական եզրակացությունը միջզգային դիտորդները կհրապարակեն առաջիկայում, իսկ ըստ այսօր հրապարակված նախնական եզրակացության՝ նախագահի ընտրության համեմատ ընդհանուր առմամբ բարելավում կա, բայց ընտրությունը դեռեւս հեռու է միջազգային չափանիշներից՝ հայտնաբերած խախտումների եւ թերությունների պատճառով:

Այս կարծիքը այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին ներկայացրին ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրին եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, լորդ Ռասսել-Ջոնսթոնը:

1885 ընտրատեղամասերից 777-֊ը դիտորդները երեկ այցելել են քվեարկության ժամանակ, իսկ մոտ 70֊-ը՝ քվեների հաշվվման ժամանակ: Խախտումներ են հայտնաբերել դրանց 30 տոկոսում՝ հիմնականում նույն տեղամասերում, ինչ նախագահի ընտրությունների ժամանակ եւ գերակշիռ մասը՝ քվեների հաշվվման ժամանակ, ինչպիսին ասենք, արձանագրություն կեղծելն է:

Ամենաաղաղակողը, իհարկե, Շահումյան գյուղում սպանությունն է. այս մասին տարածած հայտարարության մեջ հույս են հայտնել, որ պատասխանատուները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Ի դեպ, դեպքի վայրում միջազգային դիտորդներ են եղել, իսկ մեկ այլ՝ թիվ 29 տեղամասում սպառնացել են շվեյցարացի մի դիտորդի: Այս եւ մյուս բոլոր խախտումների հետ կապված, մի անգամ եւս պնդում են, որ վերանա անպատժելիությունը, ինչը, լորդ Ջոնսթոնի կարծիքով, նախագահի ընտրությունների ժամանակվանից տիրում է Հայաստանում: Նրա տվյալներով, ոչ ոք ընտրակեղծիքների համար չի պատժվել, իսկ դա, լորդի որակմամբ՝ «շատ վատ է»:

Միջազգային դիտորդների համար ամենատարակուսելին ընտրատեղամասերը փակվելուց առաջ կես ժամվա ընթացքում ընտրողների մասնակցության շեշտակի աճն է՝ մոտ 43-ից մինչեւ մոտ 51 տոկոս::

Երրորդ անգամ Հայաստանում համապետական ընտրություններ դիտարկած Ջոնսթոնն իր փորձից ելնելով ասաց, թե հայերը սովորաբար ցերեկն են քվեարկում, նրանք վերջին րոպեին չեն աճապարում: Եվ ընդհանրապես, նրա խոսքերով՝ ընտրողների ցածր մասնակցությունն էլ ուրախացնող չէ. - «Երբ մարդիկ չեն քվեարկում հրաշալի արեւոտ օրով՝ կամ իրենց համար նշանակություն չունի, կամ էլ՝ որովհետեւ նրանք չեն վստահում իրենց քվեները հաշվելու ձեւին»:

Միջազգային դիտորդները հրատապ ուշադրություն են հրավիրում, որպեսզի ընտրական հանձնաժողովների համամասնությունը համապատասխանեցվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնությանը, որպեսզի ոտնձգություններից բացարձակապես ապահով լինի ընտրական արձանագրությունների՝ տեղափոխման ճանապարհը:

Դրական տեղաշարժերի մեջ նշվեցին ԿԸՀ-ի որոշումը՝ արդյունքները հայտնել նախ ըստ տեղամասերի, ինչպես նաեւ՝ թափանցիկ քվեատուփերի շուրջ վերջին պահին ընդունած որոշումը: Դրական որակվեց նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատանքը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG