Մատչելիության հղումներ

Գործարար աշխարհն ավելի մեծ ներկայություն կունենա նոր խորհրդարանում


Ըստ նախնական արդյունքների, երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում մեծամասանական ընտրակարգում ընտրողը գերապատվություն է տվել գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Հարկ է ընդունել, սակայն, որ քիչ թե շատ լուրջ քաղաքական դեմքերը քվեարկվում էին համամասնական ընտրացուցակներով։

Ազգային ժողովի 56 մեծամասնական մանդատների համար պայքարում էին 273 թեկնածուներ։ Նրանցից ոչ բոլորն էին երեկ մրցակցային սուր պայքար մղում: Առանց ընտրապայքարի, օրինակ, մայրաքաղաքի թիվ 6 ընտրատարածքում վերստին ԱԺ պատգամավոր է դարձել ալրաղացային բիզնեսի խոշոր ներկայացուցիչ Լեւոն Սարգսյանը։ Նույն կերպ, առանց մրցակիցներ ունենալու մայրաքաղաքի թիվ 14 ընտրատարածքից ԱԺ մանդատին տիրացել է Հայաստանի շաքարավազային բիզնեսի մենատերը՝ «Աստղացոլք» ընկերության նախագահ Սամվել Ալեքսանյանը։ Թիվ 28 ընտրատարածքում առանց մրցակցի կրկին պատգամավոր է դարձել պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը։ Նույնպես առանց մրցակցության վերստին պատգամավոր է ընտրվել Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանը։

Մայրաքաղաքի թիվ 1 ընտրատարածքում ընտրվել է, ինչպես եւ սպասվում էր, Ավան համայնքի նախկին թաղապետ, հաջողակ գործարար, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նորքի մի քանի զանգվածներ ընդգրկող թիվ 2 ընտրատարածքից պատգամավորական մանդատին տիրացել է Նոր Նորքի նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանը։ Թիվ 3 ընտրատարածքում պատգամավոր է դարձել Նոր Նորքի ներկայիս թաղապետ Դավիթ Պետրոսյանի հայրը՝ պրոֆեսիոնել իրավաբան՝ Ռաֆիկ Պետրոսյանը։

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 4 ընտրատարածքից դարձյալ պատգամավոր է դարձել ընդդիմադիր Մանուկ Գասպարյանը, ինչը կարելի է սենսացիա համարել:

Թիվ 8 ընտրատարածքում մրցակցում էին նախկին երկու պատգամավորներ ու միաժամանակ խոշոր գործարարներ Ռուբեն Գեւորգյանը եւ Հարություն Փամբուկյանը: Հաղթանակը բաժին է հասել վերջինիս: Թիվ 9 ընտրատարածքում հաղթել է ներկայիս պատգամավոր Պարույր Կարապետյանը։

Թիվ 10 ընտրատարածքում հաղթել է ընդդիմության թեկնածուն՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը։ Թիվ 11 ընտրատարածքից պատգամավոր է դարձել Հակոբ Հակոբյանը, թիվ 12-ից՝ Վերսանդ Հակոբյանը:

Թիվ 13 ընտրատարածքում մանդատը շահել է «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Մարգարյանը։ Այս կուսակցության ներկայացուցիչները հաղթել են եւս չորս ընտրատարածքներում. թիվ 33 ընտրատարածքում՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կարլոս Պետրոսյանի եղբորորդի Խաչիկ Պետրոսյանը, թիվ 38 ընտրատարածքում՝ Վռամ Գյուլզադյանը, թիվ 43 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի եղբայր Սամվել Շահգելդյանը եւ թիվ 45 ընտրատարածքում՝ «Օրինաց երկիր»-ի մեկ այլ հովանավորյալ՝ Մելիք Մանուկյանը։

Համամասնական ընտրակարգով առավել շատ քվե ստացած, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը առնվազն 7 մանդատ է շահել: Ընտրվածների թվում են տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, «Հրազդան» մարզահամալիրի եւ նրան հարող տոնավաճառի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը։

Նախագահ Քոչարյանին սատարած Հայ հեղափոխական դաշնակցության ոչ մի անդամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր չի դարձել։ Փոխարենը, երկու մեծամասնական մանդատներ են շահել Դաշնակցության նախընտրական գործընկեր «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի Հայ աշխատավորական կուսակցության երկու անդամ՝ «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը եւ Արայիկ Աղաբաբյանը։

Մայրաքաղաքի թիվ 15 ընտրատարածքում իր պատգամավորական կարգավիճակը վերահստատել է «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, թիվ 24 ընտրատարածքում՝ «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը: Խորհրդարանում գործարարների շարքերը կհամալրի թիվ 42 ընտրատարածքում ընտրված «Մուլտի Գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG