Մատչելիության հղումներ

Քվեարկությունն անցավ առանց լուրջ միջադեպերի


Երեկոյան ժամը 8-ին բոլոր ընտրատեղամասերը փակվեցին, եւ արդեն կարելի է արձանագրել, որ ավարտված խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն անցան ավելի հանգիստ, քան համապետական նախորդ՝ նախագահական ընտրությունները:

Նախագահական ընտրությունների ժամանակ ամենատարածված ընտրախախտման՝ քվեաթերթիկների լցոնման մասին ահազանգեր այս ըտրությունների ժամանակ գրեթե չեղան. ամենատարածված, ըստ տարբեր թեկնածուներից ստացված ահազանգերի, ընտրակաշառքն էր:

Ընտրակաշառքի փաստեր թեկնածուներից քչերը ներկայացրին, սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները Երեւանում եւ Սեւանում ականատես են եղել, երբ միկրոավտոբուսները մարդկանց բերում էին ընտրատեղամասեր, իսկ քվեարկելուց հետո տանում տուն, թեեւ ընտրողներն իրենք հերքում էին, թե ընտրակաշառք են ստացել:

Ընտրախախտումների հայտնաբերման կամ կանխման ուղղությամբ ամենաակտիվ աշխատում էին նախագահ Քոչարյանին սատարող Դաշնակցությունը եւ արմատական ընդդիմությունը միավորող «Արդարություն» դաշինքը: Նախագահակամետ մյուս երկու՝ «Օրինաց երկիր» եւ Հանրապետական կուսակցությունները որեւէ էական խախտում չեն բացահայտել: ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, «էական խախտումներ չկան», «քվեաթերթիկների լցոնման փաստեր չեն արձանագրվել»:

Մինչդեռ, արդեն առավոտվանից Դաշնակցության նախընտրական շտաբից ահազանգեր էին հչում հանրապետության մի շարք ընտրատեղամասերում բաց քվեարկության, պակասող թվեաթերթիկների վերաբերյալ: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ, Երեւանի Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում ծեծի է ենթարկվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Վերսանդիկ Հակոբյանի վստահված անձը:

Մի քանի ընտրատարածքներում կիրառվել են հանրությանը հայտնի «կարուսել»-ի, ուրիշի փոխարեն քվեարկելու մեթոդները, Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 ընտրատարածքի տեղամասերից մեկում բռնություն է կիրառվել ՀՅԴ վստահված անձի նկատմամբ: Երեւանի թիվ 3 ընտրատարածքում միջադեպ է գրանցվել պատգամավորության թեկնածուներ Աշոտ Օսիպյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի կողմնակիցների միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:

Արարատի մարզի Այնթափ գյուղում ընտրական հանձնաժողովում ՀՅԴ կուսակցությունը ներկայացնող անդամը, չկարողանալով կանխել խախտումները դադարեցրել է հանձնաժողովում իր աշխատանքը եւ դուրս եկել տեղամասից:

Ամենաարտառոց դեպքը, թերեւս, Կոտայքի թիվ 45 ընտրատարածքում կատարվածն էր, երբ մեծամասնական ընտրակարգով քվեարկվող՝ Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը արդեն ժամը 14-ին փակել էր իր բոլոր նախընտրական շտաբները եւ դադարեցրել ընտրապայքարը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննիսյանը, իր դժգոհությունը հայտնելով ընտրական ողջ գործընթացից, ասաց, թե իմաստ չի տեսնում շարունակել պայքարը՝ տեսնելով այն, ինչ կատարվում է։ Այլ մանրամասներ կամ հիմնավորումներ պատգամավորը չներկայացրեց:

Մայրաքաղաքի Զեյթուն համայնքում առաջադրված ընդդիմադիր թեկնածու Մանուկ Գասպարյանը իր մրցակից, Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածու Վահագն Գրիգորյանին մեղադրեց 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանելու մեջ:

«Դա արվում է զանգվածաբար», - պնդեց Գասպարյանը: - «Իսկ իրավապահ մարմինները ոչինչ չեն անում դրան խանգարելու համար»:

Նույն ընտրատարածքում Դաշնակցության թեկնածու Արմեն Ռուստամյանի վստահված անձինք, մինչդեռ, չմիացան ՀՀԿ-ի դեմ Գասպարյանի մեղադրանքներին: Նրանց խոսքերով, քվեարկությունը այդ ընտրատարածքում անցնում է հիմնականում ազատ ու արդար:

Նույնպիսի մեղադրանքներ իր մրցակից հանրապետական Գեւորգ Հակոբյանին ներկայացրեց ընդդիմության թեկնածու, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: «Համատարած լցոնումներ չեն եղել» - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աբրահամյանը: - «Կարուսել եղել է, ուրիշի անձնագրով քվեարկել եղել է, համատարած ընտրակաշառքն էլ խնդիր չէ»:

Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրված մեկ այլ թեկնածու՝ Մասիսում առաջադրված եւ Դաշնակցության աջակցությունը վայելող Սամվել Սահակյանը կտրակապես հերքեց՝ դրանք որակելով «բամբասանք»: Սահակյանի հիմնական մրցակից՝ բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանի վստահված անձանցից մեկը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե ընտրողների մասնակցությունը ցածր է, քանի որ «միայն երկու թեկնածու են խոստացել փող բաժանել, այսօր միայն մեկն է տալիս»: «Դրա համար ժողովուրդը չի գալիս ընտրության, որովհետեւ Մասիսի ժողովուրդը սովորել է փողի», - ավելացրեց նա: - «Առանց փողի Մասիսում ընտրություն չկա»:

Ընդդիմադիր մեկ այլ թեկնածուի՝ թիվ 22 ընտրատարածքում առաջադրված Արամայիս Բարսեղյանի խոսքերով, լցոնումների կարիք չկա, քանի որ իշխանության աջակցությունը վայելող թեկնածուները ամբողջ թափով «կարուսել» են աշխատացնում:

«Արդարություն» դաշիքնի նախընտրական շտաբում ամփոփում են ստացված բողոքները: Շտաբի ղեկավար Ստեփան Զաքարյանը, այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալ միջադեպը. Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում հանրապետականները ծեծի են ենթակել մյուս բոլոր թեկնածուների վստահված անձանց:

Մի քանի ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված միայն մեկ թեկնածու կա, եւ այդտեղ քվեարկության ելքը, փաստորեն, կանխորոշված է: Նման ընտրատարածքներից մեկում, ուր միակ թեկնածուն շաքարավազի ներկրման մենաշնորհը վայելող գործարար Սամվել Ալեքսանյանն է, ընտրություններն անցնում էին խաղաղ, իսկ ընտրատեղամասերից մեկում ոստիկանները նարդի էին խաղում:


Հրաչ Մելքումյան, Կարինե Քալանթարյան, Ատոմ Մարգարյան, Ռուզաննա Խաչատրյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG