Մատչելիության հղումներ

logo-print

Կուսակցություններն ու թեկնածուները ամփոփում են ավարտվող քարոզարշավը


Քարոզարշավի վերջին օրը ընտրապայքարի դուրս եկած թեկնածուներն ու կուսակցություններն ամփոփում են արածն ու չարածը, վերջին հրահանգներն են տալիս ակտիվիստներին ու վստահված անձանց, վերջին խոստումներն են շռայլում ընտրողներին:

«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Դաշնակցությունը Երեւանի շտաբների անդամների եւ կուսակցական ակտիվիստների հավաք էր հրավիրել՝ ընտրական ճանապարհի վերջին խոսքն ասելու: Դիմելով նրանց, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը ասաց. - «Անցնող քարոզարշավի արդյունքում մենք ձեռք բերեցինք շատ ավելի լայն հասկացողություն ժողովրդի կողմից: Դաշնակցությունը շատ ավելի ճանաչելի դարձավ ժողովրդի համար»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավի վերիջին օրը Երեւանում «Վերջին զանգ»-ին նվիրված տոնական միջոցառումներ անցկացրեց:

«Արդարություն» դաշինքը այսօր օգտվելու է հեռուստատեսությունների ընձեռած հնարավորություններից՝ եւս մեկ անգամ ընտրողին ներկայացնելու իր ծրագրերը: Ամփոփելով քարոզարշավի արդյունքները, դաշինքի ղեկավարներից Շավարշ Քոչարյանը ասաց, թե կարեւորը ստեղծված ընդհանուր մթնոլորտն է. եթե նախագահական ընտրությունների ժամանակ կամ-կամի հարց էր դրված, ապա այս ընտրություններից առաջ պատկերը բոլորովին այլ է:

Շավարշ Քոչարյանի պատկերավոր մեկնաբանությամբ, ժողովուրդը քննություն ընդունող հանձնաժողով է, եւ «պարբերաբար, ամեն մի ընտրության ժամանակ քաղաքական գործիչները գալիս են քննություն հանձնելու: Եվ, ցավոք սրտի, որպես կանոն անբավարար են ստանում»:

Ընդդիմադիր գործչի խոսքերով, անցած քարոզարշավից հետո «ակհայտ դարձավ, որ մեր ժողովուրդը պատրաստ է ե'ւ ազատ, արդար ընտրությունների, ե'ւ՝ ապրելու երկրում, որը իր խաղի կանոններով բավարարում է եվրոպական չափանիշներին»:

«Շատ կարեւոր է միջազգային դիտորդների գնահատականը, որ քաղաքական էլիտան արժանի չէ մեր ժողովրդին», -եզրափակեց Շավարշ Քոչարյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG