Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի ղեկավարը կրկին ազատ եւ արդար ընտրությունների կոչ է անում


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ուրբաթ օրը նախազգուշացրել է Հայաստանի իշխանություններին, թե գալիք գալիք կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը շարունակի անդամակցել եվրոպական այդ կառույցին:

«Ընտրությունները պետք է ազատ եւ արդար լինեն: Սա շատ ավելի կարեւոր է, քան նվաճած կամ կորցրած պատգամավորական աթոռների քանակը», - հայտարարել է Շվիմերը: - «Ես կոչ եմ անում ընտրության բոլոր մասնակիցներին մտորել այս փաստի շուրջ՝ մինչեւ քվեարկությունը մնացած ժամանակի ընթացքում»:

«Ազատ եւ արդար ընտրությունները ժողովրդավարության առանցքն են», - ավելացրել է նա: - «Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին չհամապատասխանելը ընդունելի չէ անդամ երկրի համար: Դա [ազատ ու ընդար ընտրությունների անցկացումը] Հայաստանի պարտքն է սեփական ընտրողների եւ Եվրախորհրդի հանդեպ»:

Խորհրդարանական ընտրություններին, որոնց զուգահեռ անցանելու է սահմանադրական հանրաքվեն, հետեւելու են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներկայացնող 24 պաշտոնական դիտորդներ: Ինչպես եւ նախագահական ընտրությունների ժամանակ, նրանք կրկին գործելու են Եվրոպայի անվտագության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ ավելի մեծ դիտորդական առաքելության հետ համատեղ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ-ն խստորեն քննադատել էին Հայաստանում անցած նախագահական ընտրությունները՝ եզրակացնելով, որ դրանք անցել են «բազմաթիվ օրինախախտումներով»: Երկու կազմակերպություններն էլ հստակ հասկացրել են, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար լավ հնարավորություն են՝ նախագահական ընտրություններից հետո երկրի հեղինակության անկումը վերականգնելու համար:

Ապրիլին Շվիմերը միանշանակ հայտարարել էր, որ օրինախախտումների կրկնությունը «աղետ» կլինի Հայաստանի համար:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG