Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ՀՀԿ ակտիվիստներին կոչ է անում քարոզարշավում «հարձակողական» լինել


Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը կուսակցության տարածքային շտաբների ղեկավարներին կոչ արեց «չամաչել» Հանրապետականի կատարած աշխատանքը ներկայացնելուց, քարոզարշավի եզրափակիչ փուլում ավելի «հարձակողական» լինել:

Կառավարության նիստերի դահլիճում անցկացված հանդիպման ժամանակ ելույթ ունեցած շտաբների պետերը գրեթե առանց բացառության նշում էին, թե իրենք «լավ են աշխատել» եւ գալիք կիրակի կայանալիք քվեարկությունում «հաղթանակը իրենց համար ռեալ է եւ հիմնավորված»:

Ինչպես հանդիպումը վարող կուսակցության առաջնորդ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը, ավելին են պահանջում ու կարծես ավելի իրատեսական են գնահատում իրավիճակը:

«Կարծես թե շատերը, այդ թվում կուսակցականներ, շտաբները եւ նամանավանդ հանրապետական տեղական պաշտոնյաները մի տեսակ ամաչում են կատարած աշխատանքի մասին խոսել եւ ողջ ընտրարշավը կարծես կազմակերպվում է մի տեսակ արդարանալու վրա», - հավաքվածներին դիմեց Սարգսյանը: Նա կարեւորեց հատկապես Երեւանում մեծ աշխատանք տանելու անհրաժեշտությունը:

«Որեւէ մեկդ թող չամաչի վարչապետին պաշտպանելուց», - իր խորհուրդները շարունակեց պաշտպանության նախարարը: - «Որեւէ մեկդ թող չամաչի մեր դրական արձանագրված արդյունքների մասին խոսելուց»:

Նա կոչ արեց նաեւ չամաչել ու ընդունել, որ երկրում «միլիոնավոր պրոբլեմներ կան, կան սոված մարդիկ», եւ բացատրել, թե ընտրողների քվեն ստանալու դեպքում «այսպես դանդաղ, ոնց որ աշխատում էին, այս դանդաղ աճը հարյուր տոկոսով երաշխավորում ենք»:

Պաշտպանության նախարարը կոչ արեց նաեւ քարոզարշավի մնացած օրերին ավելի հարձակողական լինել: Նրա խոսքերով, երբ մյուս կուսակցությունները անհանգստություն են արտահայտում հնարավոր ընտրակեղծիքների առումով, պետք է ոչ թե պաշտպանվել, այլ հարձակվել, քանի որ Հանրապետականի ձայներն էլ կարող են կեղծվել:

«Ես ձեզ կոչ եմ անում էս հարցում լինել հարձակողական: Դուք ասեք, ինչո՞ւ եք թողնում, որ իրենք ասեն», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Մենք պիտի տերը լինենք: Ամբողջ քաղաքում մենք պիտի մթնոլորտի տերը լինենք»:

Վստահություն հայտնելով, որ կուսակցությունը լավ արդյունքի է հասնելու սահմանամերձ շրջաններում եւ գյուղական վայրերում,Սերժ Սարգսյանը կրկին կարեւորեց Երեւանը. - «Հանկարծ չդառնա, որ Հանրապետական կուսակցությունը գյուղական վայրերի կուսակցություն է»:

Ամփոփելով հանդիպումը, ՀՀԿ-ի առաջնորդ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նույնպես նշեց, թե Երեւանը փորձաքար է եղել ցանկացած քաղաքական ուժի համար, եւ կոչ արեց թաղապետերին ընտրողների հետ տարվող աշխատանում օգտագործել իրենց հեղինակությունը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG