Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը կստորագրեն գազամատակարարմանը վերաբերող երկարաժամկետ պայմանագիր


Հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի համանախագահները այսօր պայմանավորվածություն են ձեռք բերել ամռան վերջին Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումների վերաբերյալ երկարաժամկետ պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Համանախագահները՝ Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը այսօր աշխատանքային հանդիպման ավարտին համապատասխան արձանագրություն են ստորագրել: Ինչպես հանդիպման ավարտին լրագրողներին տեղեկացրեց Սերժ Սարգյանը, քննարկված հարցերի լուծումը կարող է «էականորեն ազդել մեր տնտեսության զարգացման վրա»:

Խոսքն առաջին հերթին, անշուշտ, Ռուսաստանից Հայաստան մատակարարվելիք գազի ծավալների ու սակագների վերաբերյալ երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցին է վերաբերում: Իլյա Կլեբանովը ասաց, թե իրենք համաձայն են հայկական կողմի տեսակետին, թե անհրաժեշտ է կնքել բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր՝ հավելելով, որ պայմանագիրը կնախապատրաստվի 2-3 ամսվա ընթացքում, եւ այն կստորագրվի, ամենայն հավանականությամբ, ամռան վերջին:

Երկուստեք նշվեց, որ ապագա պայմանագիրը հատկապես կարեւոր է Հայաստանի քիմիական արդյունաբերության զարգացման համար: Թեեւ ասուլիսում չմանրամասնվեց, ակնհայտ է, սակայն, որ խոսքը «Նաիրիտ»-ը եւ նրանից ածանցյալ արտադրությունները (Վանաձորի քիմիական համալիրը) վերականգնելու մասին է, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գազը այդ ձեռնակություններին մատակարարվի Ռուսաստանի ներքին շուկայում գործող սակագներով:

«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը, որ բրիտանական «Ռանսաթ» ընկերության ձախողումից հետո ամբողջությամբ անցել են «Հայկապ» բանկին, գնելու ցանկություն են հայտնել ռուսաստանյան ծագում ունեցող երեք ընկերություն: Այդ դեպքում, անշուշտ, շատ հավանական է, որ «Նաիրիտ»-ը գազը ստանա Ռուսաստանի ներքին շուկայում գործող ցածր սակագներով: Նույնը կարելի է ասել նաեւ Վանաձորի քիմիական համալիրի մասին:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG