Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ-ն դիմում-բողոքների ընդունման նոր կարգ է հաստատել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներին ներկայացրեց թեկնածուների վստահված անձանց դիմում-բողոքների քննարկման՝ մշակված ու հաստատված նոր կարգը, որը գործելու է առաջիկա կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

Անցած նախագահական ընտրություններին հետեւած զարգացումները բացահայտեցին հատկապես թեկնածուների վստահված անձանց դիմում-բողոքների հետ աշխատանքում եղած թերացումները: Անդրադառնալով սրան, ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը ասաց. - «Սահմանադրական դատարանի վերջին որոշումներից հետո, ինչպես նաեւ դիտորդական առաքելությունների զեկուցագրերը քննարկելով, մենք տեսանք, որ այդ ոլորտում մենք որոշակի բաց տեղեր ունենք: Այդ հարցերը կանոնակարգվել են ԿԸՀ-ի որոշումներով, մշակվել է համապատասխան կարգ»:

Դիմում-բողոքների քննարկման նոր կարգը ներկայացրեց ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանը: Ըստ այդմ՝ ընտրատեղամասում գրանցված վստահված անձի դիմումը (անկախ այն բանից, թե որքան ժամանակ է տվյալ վստահված անձը քվեարկության ժամանակ եղել ընտրատեղամասում), որը կներկայացվի մինչեւ քվեարկության հաջորդ օրվա ժամը 14-ը, անվերապահորեն պետք է ընդունվի եւ քվեարկության արդյունքները պետք է ստուգվեն՝ բացելով պարկերը՝ առանց դիմում-բողոքը քննարկելու, քվեարկելու կամ որոշում ընդունելու:

Ի պատասխան ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներից ոմանց անհանգստության, թե կարող է երկրի բոլոր 1885 ընտրատարածքներում էլ ստուգում անցկացնելու պահանջով դիմում-բողոքներ ներկայացվեն, Արտակ Սահրադյանը խնդիրներից առաջնահերթը համարեց «նորմալ եւ արդար ընտրությունների ապահովումը»:

«Մենք իրավունք չունենք միջազգային հանրությանը եւ ընդհանրապես մեր ժողովրդին առիթ տալու, որպեսզի ժողովուրդը մեկ անգամ եւս իր վստահության մեջ մեր վրա սկսի որեւէ տեսակետից թեք նայել», - բառացիորեն ասաց ԿԸՀ-ի նախագահը:

Սահրադյանը հանձնաժողովների նախագահներին մի քանի անգամ զգուշացրեց, որ ժամանակին՝ ոչ ուշ քան քվեարկության ավարտից 12 ժամվա ընթացքում ԿԸՀ-ին հանձնեն նախնական արդյունքների
ամփոփման մասին արձանագրությունները:

«Անպատիժ չթողնել լցոնման ոչ մի դեպք», - հրահանգեց ԿԸՀ նախագահը՝ ավելացնելով, թե հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ընտրատարածքային տվյալ հանձնաժողովի նախագահի նկատմամբ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG