Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը դեռ պետք է «բարեկարգվի ու կատարելագործվի»՝ նորաստեղծ օժանդակության ծրագրից օգտվելու համար


Որպես զարգացող երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օժանդակության ընդլայնման լրացուցիչ միջոց՝ նախագահ Ջորջ Բուշը առաջարկությամբ ստեղծված «Հազարամյակների հիմնախնդիրների հաշվեկշիռը» (ՀՀՀ) ծրագրի շրջանակներում օժանդակություն ստանալու համար Հայաստանը, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով, պետք է «բարեկարգվի ու կատարելագործվի»:

Նոր ծրագրի ներկայացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ընտրությունների անցկացման, խոսքի ազատության մակարդակով Հայաստանը կարող է ծրագրեր ներկայացնել եւ գումարներ ստանալ ՀՀՀ ֆոնդերից, դեսպան Օրդուեյը պատասխանեց. - «Դուք հստակորեն առանձնացրիք հենց այն բնագավառները, որտեղ Հայաստանին միանշանակ պետք է բարեկարգող, կատարելագործող քայլեր ձեռնարկել՝ հավակնորդ երկրների շարքում մրցունակ դառնալու համար»: Ջոն Օրդուեյը, այդուհանդերձ, հավելեց, որ որոշ չափանիշերով Հայաստանի ցուցանիշերը բարձր են այլ երկրների համեմատությամբ:

«Հազարամյակների հիմնախնդիրների հաշվեկշիռ» ծրագրի գործողության մեջ մտնելով մինչեւ 2006 թվականը Միացյալ Նահանգների արտաքին օժանադակությունը կավելանա 5 միլիարդ դոլարով: Նախագահ Բուշը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով հաջորդ տարվա համար հատկացնել եւս 1 միլիարդ 300 միլիոն դոլար, որպեսզի սկսեն ծրագրի իրականացումը:

Ջոն Օրդուեյի տեղեկացմամբ, ՀՀՀ ծրագրի իրականացումը ղեկավարելու է հատուկ հանձնախումբը՝ ԱՄՆ պետքարտուղարի գլխավորությամբ: Ծրագրի ֆոնդերից կարող են օգտվել զարգացող երկրները, 3-րդ աշխարհի երկրները: Գումարները հատկացվելու են որպես անհատույց օգնություն: Ընդ որում, դեսպանը հստակեցրեց, որ ԱՄՆ-ի ընթացիկ օժանդակությունը Հայաստանին շարունակվելու է: Խոսքը լրացուցիչ գումարներ ստանալու հնարավորության մասին է:


Գործելու են որոշակի չափանիշեր: Եթե, օրինակ, որեւէ երկիր բոլոր բնագավառներում բավարար եւ անգամ բարձր ցուցանիշներ ունենա, բայց կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով ցածր միավորներ հավաքի, կարող է որակազրկվել: Չափանիշերի շարքում են ազատ եւ արդար ընտրությունները, խոսքի ազատությունը:

«Քանի որ դրանով պետք է որոշվի Հայաստանի հավակնությունը հիմադրամից օգտվելու համար, ԱՄՆ կառավարությունը մանրակրկիտ դիտարկելու է երկրում տիրող կոռուպցիայի մակարդակը, առաջին հերթին ընտրությունների իրականացման բնագավառում եւ մամուլի վայելած ազատության տեսակետից: Հաշվի կառնվեն նաեւ Հայաստանի ջանքերը այս եւ այլ բնագավառներում հիմնահարցեր լուծելու ուղղությամբ», - ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ: - «Հիմնադրամից օգտվելու որակավորման ձեռք բերումը գերազանց նպատակ է, որն իր առջեւ կարող է դնել Հայաստանը»:

Այնուհետեւ հայտարարությունը նշում է, որ ստացված ֆինանսավորումը կարող է պատկառելի լրացուցիչ օժանդակություն դառնալ Հայաստանի համար, իսկ պահանջվող չափանիշներին հասնելու որակավորման ընթացքն ինքնին կօգնի Հայաստանին առաջադիմություն ձեռք բերել «դեռեւս անհրաժեշտ բարեփոխումների բնագավառում»:

Խորհրդարանական ընտրությունների մասին Ջոն Օրդուեյը ասաց, թե «պետք է հուսալ եւ կան բոլոր նախադրյալները, որ առաջիկա ընտրությունները բարձր մակարդակով ու արդար անցկացվեն», համապատասխանեն, «մոտ լինեն միջազգային չափանիշներին»: Ընթացող քարոզարշավում դեսպանը թեեւ տեսնում է թերություններ, այդուհանդերձ նշեց որոշակի բարելավում. հանրային հեռուստատեսությանը կարծես ավելի հավասարակշված է բաշխում իր միջոցները, թեկնածուներն ավելի հավասար պայմաններ են ստանում:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե խորհրհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար անցկացումը, միջազգային դիտորդների կողմից բարձր գնահատականի արժանանալը կմաքրի՞ արդյոք նախագահական ընտրություններից մնացած բիծը, Ջոն Օրդուեյը ասաց. - «Ինչ եղել է՝ եղել է, եւ դա ջնջելն անհնարին է: Դա կշարունակի մնալ որպես որպես պատմություն: Մյուս կողմից, ասում են՝ վերջին տպավորությունն է որոշիչն ու մնայունը»:

Իսկ հակառակ [ընտրությունները նախագահականի նման անցնելու] դեպքում, Ջոն Օրդուեյի խոսքերով, կխախտվի Հայաստանի միջազգային հեղինակությունը, կխախտվի ներքին հասարակական միաբանության հնարավորությունը: «Արդարության եւ ժողովրդավարության խախտման հետեւանքով հասարակության ներսում կլինի թերահավատություն , վստահության փլուզում, եւ հասարակությունը կկորցնի իր միաբանությունը հետագա զարգացման համար», - ասաց Ջոն Օրդուեյը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG