Մատչելիության հղումներ

Կայացավ հայ-ռուսական գործարար համաժողովը


Կառավարության ընդունելությունների տանը երեկշաբթի կայացած հայ-ռուսական գործարար համաժողովը, որին մասնակցում էին ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի գլխավորությամբ, ավարտվեց մտադրությունների հուշագրի ստորագրմամբ: Հուշագրում կողմերը մի քանի ներդրումային նախագծերի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Ավելի մանրամասն տեղեկություններ լրագրողներին չփոխանցեցին, ու թերեւս դա է պատճառը, որ համաժողովը ավելի շուտ նախընտրական-քարոզչական կամպանիայի, քան գործարար ծրագրերով հիմնավորված ու լավ նախապատրաստված միջոցառման տպավորություն թողեց։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր ելույթում խոստացավ միության ուժերով Հայաստանում մեկ տասնյակ փոքր ձեռնարկություններ հիմնել: Որոշ ծրագրերը կիրագործվեն Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գյուղակադեմիայի հետ համատեղ, մեկ ծրագիր էլ կիրականացվի Լեռնային Ղարաբաղում։

Համաժողովի բացմանը ներկա վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հերքեց, թե այն կազմակերպվել է իր գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Արա Աբրահամյանի աջակցութունը վայելող ՀՌԱԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Վարչապետի խոսքերով, համաժողովի անցկացումը պարզապես համընկել է քարոզչության փուլին:

Արդրանիկ Մարգարյանի տեղեկացմամբ, պայմանավորվածություն կար ռուսական կողմի հետ, որ գործարար համաժողովը կանցկացվի Պետդումայի կողմից «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը հաստատելուց հետո: Պետդուման համաձայնագիրը հաստատել է մայիսի 17-ին: Այդուհանդերձ, նշված համաձայնագրով փոխանցված ձեռնարկությունների ճակատագրի մասին կոնկրետ ոչինչ չասվեց:

Իսկ մոտ ապագայում Հայաստանում ռուսական կապիտալի լուրջ նեդրումների հնարավորության մասին թե Ռուսաստանի պաշտոնյաները, եւ թե խոշոր գործարարները վերապահ մնացին: Մասնավորապես, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի համոզմամբ, գլխավոր խոչընդոտը տրանսպորտային շրջափակումն է, թեեւ, որոշակի հույսեր կան աբխազական երկաթգծի բացման հետ կապված:

«Մենք աշխատում ենք Վրաստանի հետ՝ հույսով, որպեսզի բացվի աբխազական երկաթգիծը: Եթե դա արվի, ապա այն ամենը, ինչի մասին խոսում էր ձեր նախարարը, կարող է իրականություն դառնալ», -ասաց Կլեբանովը։ Մինչ այդ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը խոսում էր համատեղ ձեռնարկությունների ստեղծման ու նեդրումների կտրուկ ավելացման անհրաժեշտության մասին։

Սակայն, ռուսական ներդրումների կտրուկ ավելացման մասին խոսելը, ըստ երեւույթին ժամանակավրեպ է. այդ փաստն անուղղակիորեն հաստատեց այսօրվա համաժողովին մասնակցող Ռուսաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ալեքսանդր Պոչինոկը.

«Մեզ հարկավոր են միլիոնավոր ու միլիոնավոր աշխատողներ: Այժմ Ռուսաստանում աշխատում են ԱՊՀ 3 միլիոն քաղաքացիներ, ինչը ծայրահեղ անբավարար է», - իր ելույթում ասաց Պոչինոկը՝ ավելացնելով, թե մոտ ապագայում եւս 5 միլիոն լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվելու, եւ իրենք աշխատանքային միգրացիայի ճանապարհին բոլոր արգելքները հանելու են։

Սա նշանակում է, որ Ռուսաստանն ինքը մեծածավալ ներդրումների կարիք ունի, ու այն խրախուսելու բոլոր միջոցները կիրառում է: Փորձագիտական գնահատումներով, առաջիկա 10 տարվա ընթացքում Ռուսաստանը առնվազն 2 տրիլիոն դոլարի ներդումների կարիք ունի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG