Մատչելիության հղումներ

Կրտսեր Գյուլբենկյանը մտադիր է գործ սկսել Իրաքում


Մայքլ Գյուլբենկյանը, ինչպես երեքշաբթի հաղորդել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, հաջորդ ամիս մտադիր է գնալ Իրաք եւ հետազոտել այնտեղ նավթի արդյունահանման հնարավորությունները: Իրաքյան նավթի շնորհիվ ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր դարձել Մայքլ Գյուլբենկյանի պապի եղբայրը՝ Գալուստ Սարգիս Գյուլբենկյանը:

Լոնդոնաբնակ Մայքլ Գյուլբենկյանը Գալուստ Գյուլբենկյանի՝ նավթային բիզնեսով զբաղվող միակ ժառանգն է: Նրանց կարողությունները, սակայն, դժվար է համեմատել: Կրտսեր Գյուլբենկյանի գլխավորած «Հերիթըջ օյլ» ընկերությունը, որը գտնվում է Կանադայի Կալգարի քաղաքում, 2001 թվականին ունեցել է մոտավորապես 3,5 միլիոն դոլարի շրջանառություն եւ 900 հազար դոլարի եկամուտ, ինչը նավթային բիզնեսում համեստ ցուցանիշ է:

Սադդամի ռեժիմի տապալումը կարող է նպաստել Մայքլ Գյուլբենկյանի գլխավորած ընկերության գործունեության ընդլայնմանը: Գյուլբենկյանը ամերիկյան գործակալության թղթակցին ասել է. - «Հույս ունեմ մի հետաքրքիր գործ սկսել Իրաքում նավթի եւ գազի հետ կապված, որովհետեւ Իրաքը դրախտ է յուրաքանչյուրի համար, ով զբաղվում է նավթով»:

Ժամանակին Իրաքն իսկապես դրախտ դարձավ Գալուստ Գյուլբենկյանի նախնիի համար: Երբ 22-ամյա Գալուստը, Լոնդոնում բարձրագույն կրթություն ստանալուց հետո, վերադարձել էր Ստամբուլ ու գիրք գրել նավթային բիզնեսի կազմակերպման մասին: Նրան անմիջապես նկատել էր Թուրքիայի՝ նավթի արդյունահանման համար պատասխանատու նախարարը եւ առաջարկել էր համագործակցել, թեեւ լավ հայտնի է, թե ինչպես էին վերաբերում հայերին Թուրքիայում անցած դարասկզբին:

Կարճ ժամանակ անց՝ 1912 թվականին Գալուստ Գյուլբենկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Թուրքական նավթային ընկերությունը, որի 5Օ տոկոսը պատկանում էր Թուրքիայի ազգային բանկին, 25 տոկոսը՝ գերմանական «Դոյչե բանկին», մնացած 25 տոկոսը՝ «Ռոյըլ Դատչ-Շել» նավթային ընկերությանը:

Երբ Օսմանյան կայսրությունը փլուզվեց եւ Իրաքն անջատվեց, Գյուլբենկյանի ստեղծած ընկերությունը վերանվանվեց Իրաքի նավթային ընկերություն: Գյուլբենկյանի բիզնեսը սկսեց ծաղկել եւ նրա ստեղծած հզոր ընկերության բոլոր եկամուտների 5 տոկոսը փոխանցվում էր Գալուստ Գյուլբենկյանի անձնական հաշվին, ինչի համար նրան անվանում էին «Պարոն 5 տոկոս»:

Հայազգի մեծահարուստը վախճանվել է 1955 թվականին 86 տարեկան հասակում Պորտուգալիայում, ուր տեղափոխվել էր երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Գալուստ Գյուլբենկյանը այդ երկրի համար շատ բան է արել: Միայն Լիսաբոնում գտնվող նրա անվան թանգարանում մոտ 5000 արվեստի ստեղծագործություններ են պահվում, որոնց մեջ քիչ չեն համաշխարհային գլուխգործոցները:

Նրա ստեղծած նավթային հսկան, սակայն, այլեւս չկա: Լոնդոնում փոքրաթիվ (ընդամենը 4 մարդ), աշխատակազմը հիմնականում զբաղվում է ընկերության նախկին աշխատողներին կենսաթոշակ վճարելով: Իրաքի նավթային ընկերության ողջ ունեցվածքը երկրի իշխանությունները պետականացրել էին դեռ 30 տարի առաջ:

Թղթակցի հարցին, թե արդյոք կրտսեր Գյուլբենկյանը կկարողանա Իրաքում վերականգնել իր աշխարհահռչակ գերդաստանի նավթային համբավը, վերջինս պատասխանել է. - «Պատմությունը հազվադեպ է կրկնվում»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG