Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, Հայաստանի իշխանական վերնախավին մոտ կանգնած մի պաշտոնյա երեկ իրենց թղթակցին ասել է, թե Հայաստանի իշխանական վերնախավը գծել է ապագա խորհրդարանի՝ իր համար ընդունելի «քարտեզը», եւ պետական կառավարման մարմինները պիտի ջանքեր գործադրեն՝ խորհրդարանի ձեւավորման այդ տարբերակը կյանքի կոչելու համար: «Ըստ այդ ծրագրի, առաջիկա խորհրդարանում ՀՀԿ-ին նախատեսվում է վերապահել շուրջ 45 մանդատ՝ 30 տոկոս համամասնականով եւ 19-20 տեղ՝ մեծամասնականով: Դրանից զատ, ՀՀԿ-ին կմիանան նաեւ մի մեծ խումբ անհատ պատգամավորներ, ովքեր պատգամավոր կդառնան զանազան «դաբրոներով»: «Օրինաց երկիր»-ի համար ենթադրվում է 15 տեղ: 10-ական տեղ է նախատեսվում նաեւ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» համար: ՀՅԴ-ին «հատկացվել է» 12 մանդատից ոչ ավելի: Իսկ 5-ական տոկոս շնորհվել է ՀՌԱԿ-ին եւ «Հզոր հայրենիքին»: Հասկանալի է, որ այս սցենարը հնարավոր է իրականացնել միայն զանգվածային ընտրակեղծիքներով», - ավելացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Խնդիրն այն է, սակայն, որ ընտրակեղծիքների դեմ դիմադրությունն այս անգամ կարող է սպասվածից ավելի մեծ լինել: Մասնավորապես, օրերս տեղի է ունեցել ՀՅԴ ղեկավարների հավաք, որտեղ, տեղեկանալով վերը նշված սցենարի մասին, արձանագրել են, որ իրենք ազատ ընտրություններում էլ 10-12 մանդատ կարող են ստանալ, ուստի որոշում են կայացրել՝ չմասնակցել «ընտրախախտումների իշխանական համաձայնությանը» եւ ամեն ինչ անել՝ ընտրակեղծիքներ թույլ չտալու համար: ՀՅԴ-ն արձանագրել է, որ եթե ընտրախախտումների իշխանական մեքենան իրենց ունեցածից ավելի շատ բան չի տալու՝ ավելորդ անգամ վարկաբեկվելու կարիք չկա», - իմաստավորում է «Հայկական ժամանակ»-ը:

«Երկիր» թերթի խմբագրականում հայոց խորհրդարանների դրվածքը, որ դրսեւորվում է նաեւ այս օրերին, ուրվագծվում է այսպես. - «Ցավոք, ընտրակաշառքի մեխանիզմը շատ հաճախ ունենում է իր գործուն ազդեցությունը, ի հետեւանս որի՝ նորից մենք ձեռք ենք բերում շաբաթներով քվորում չունեցող, տարիներով չխոսող, խորհրդարան չայցելող, որեւէ էջ չգրող պատգամավորներից բաղկացած Ազգային ժողով»:

Մամուլը շարունակում է արձանագրել օրինախախտումների, ընտրակաշառքների փաստեր՝ հույսով, որ իրավապահները վաղ թե ուշ դրանց հետքերով գնալու են եւ կամ էլ ընտրողներն են վերջապես կողքից նայելով՝ անտեսելու հաճախ չնչին ու անմակարդակ ձեւերով իրենց նետվողը: «Առավոտ» թերթում, օրինակ, բերված է, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վռամ Գյուլզադյանը Ստեփանավանի եւ Գուգարքի տարածաշրջաններում ընտրողներին փտած կարտոֆիլ է բաժանում:

Երեւույթներին, երբ ներկայում մի փոքր բան է բաժանվում՝ ընտրություններից հետո հազարապատիկ ավելին սեփական գրպանը դնելու հեռանկարով, ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում թե լրագրողները, թե քաղաքական ուժերը: Տարիների կտրվածքով այս ընթացքը «Գոլոս Արմենիի» թերթում այսօր պատկերվում է հետեւյալ կերպ. - «Հիմնականում նախկին պետական սեփականության թալանի հաշվին խառը ժամանակներում հարստացածները 10-12 տարի հետո իրենց վերանվանել են ձեռնարկատերեր ու փորձում են հասարակությանը համոզել, թե Ազգային ժողով են գնում իրենց «գիտելիքն ու փորձը» հայրենիքին ծառայեցնելու: Իբր՝ որ հարուստ են, ուրեմն շատ խելոք են: Բայց նման կազմով այս խորհրդարանում էլ որեւէ իրական գործ չի արվի: Այդ բիզնեսի մարդիկ Ազգային ժողով գնում են միմիայն անձնական գործերը ծաղկեցնելու համար առանձնաշնորհ պայմաններ ձեռք բերելու համար», - ընդգծված է «Գոլոս Արմենիի»-ում: Ընդ որում, հիմա մի քանի դրամի դիմաց նրանց իրենց ձայնը տվող քաղաքացիներից էլ մի քանի տարի հարկերի ձեւով գումարներ են հավաքվելու այդ «տքնաջան օրինաստեղծ» փողատերերին 500 դոլարանոց աշխատավարձեր տալու համար:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կտապալվի, իսկ Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները բավականին անկանխատեսելի են: «Դա ամենեւին էլ կապ չունի արդար ընտրություններ անցկացնելու հավանականության հետ», - նշում է մեկնաբանը: - «Պարզապես իշխողները ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել նկարված թվերի վերջնական պատկերի մասին եւ շատ հավանական է, որ մինչեւ վերջ այդպես էլ չկարողանան պայմանավորվել»: Ամեն դեպքում, «Իրավունք»-ում ներկայացվում է հետեւյալ նախահաշվարկը. - «Մասնակցության պաշտոնական թվերը տատանվելու են 1,2 - 1,3 միլիոնի շրջակայքում: Եվ քանի որ փորձառու քաղաքական գործիչների կանխատեսմամբ, իրական մասնակցությունը լինելու է 900 հազար կամ առավելագույնը մեկ միլիոն ընտրող, ստացվում է, որ կեղծված ձայների քանակը կտատանվի 200-400 հազար քվեի սահմաններում»:

Անդրադառնալով արտգործնախարար Օսկանյանի՝ օրերս Ստրասբուրգում ունեցած հանդիպումներին, «Օրրան» թերթը նշում է. - «Թվում է, թե չափազանց դժվարին, համարյա՝ անելանելի վիճակում են հայտնվել Հայաստանի իշխանությունները, ինչպես ասում են, մնացել են երկու քարի արանքում: Եվրախորհուրդը անողորմաբար պահանջում է միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ, իսկ գոյության բնազդը նրանց մղելու է ընտրակեղծիքների: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Ըստ էության՝ մեր իշխանությունները ոչ մի ընտրության առջեւ չեն հայտնվել, նրանք ոչ մի կասկած ու երկմտանք չեն ապրում: Այդ է վկայում թեկուզ այն իրողությունը, որ նախընտրական այս շրջանում համարձակորեն ու անպատկառորեն թույլ են տրվում բոլոր հնարավոր խախտումներն ու կեղծիքները: Իշխանությունները շատ լավ գիտեն, թե մեծամասնական ընդդիմությամբ ԱԺ-ն ինչ է բերելու իրենց գլխին: Իսկ թե ընտրակեղծիքների դեպքում Եվրախորհուրդն ինչպես կարձագանքի, այնքան էլ պարզ չէ: Եվ հետո», - ավելացնում է «Օրրան»-ը, - «Եվրախորհուրդը ինչպիսի կոշտ դիրքորոշում էլ ունենա, ամեն ինչ ջարդվելու է այս երկրի, այս պետության, այս ժողովրդի գլխին, այլ ոչ թե նրանց, ում համար կեղծիքով նվաճված ամեն մի օրն անգամ մեծ շահույթներ է բերելու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG