Մատչելիության հղումներ

Թափանցիկ քվեատուփերի երկրորդ խմբաքանակը արդեն Հայաստանում է


Կիրակի օրը Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփերը, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործված 2000 թափանցիկ քվեատուփերի հետ միասին օգտագործվելու են մայիսի 25-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի համար: Այսօրվանից կսկվի դրանց բաշխումը ըստ ընտրատեղամասերի:

Ըստ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության, թափանցիկ քվեատուփերի արտադրությունը, առաքումը եւ դրանց մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ փոխադրումը հնարավոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID), ինչպես նաեւ Միացյալ Թագավորության եւ Նիդեռլանդների կառավարությունների կողմից տրամադրված ֆինանսական օժանդակության շնորհիվ:

Երկուշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Զորան Լուչիչի ներկայությամբ սկսվեց մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկների տպագրությունը:

3 քվեարկություններից երկուսը՝ համամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքական ուժերի եւ սահմանադրական հանրաքվեի (համապատասխանաբար՝ վարդագույն եւ երկնագույն) քվեաթերթիկները տպագրվելու են մեկ՝ Գունավոր տպագրության տպարանում, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների քվեաթերթիկները՝ տարբեր տպարաններում:

Զորան Լուչիչը արտադրամասի աղբարկղում հայտնաբերեց մի քանի ճմրթված քվեաթերթիկ, ինչը, իր իսկ խոսքերով թեեւ «ոչինչ չի նշանակում», սակայն առիթ դարձավ կրկին անդրադառնալու նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից դուրս բազմաթիվ քվեաթերթիկների շրջանառությանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը եւս մեկ անգամ իր զարմանքն այտահայտեց այդ կապակցությամբ:

Անցած շաբաթ Սահրադյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի քվեարթերթիկների «տպագրությունն ու ինկասացիան» խստագույնս վերահսկվելու են:

Տպարանի փոխտնօրեն Մուշեղ Տերյանի խոսքերով, քվեաթերթիկների տպագրությունը կավարտվի 4 օրվա ընթացքում: Տերյանը բացառեց, թե իրենց տպարանում կարող են ավելորդ քվեաթեթիկներ տպագրվել: Նա, այդուհանդերձ, առաջարկեց համապատասխան պայմաններ ստեղծել տպարանում, որպեսզի դիտորդները հետեւեն ողջ գործընթացին:

ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանի խոսքերով, սակայն, դա «էական չէ», քանի որ՝ «քվեաթերթիկը դառնում է քվեաթերթիկ, երբ դրա վրա կա երեք [ընտրական հանձնաժողովի անդամների] ստորագրություն եւ խփած կնիք»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG