Մատչելիության հղումներ

Կարճատեւ այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ներքին գործերի նախարարը


Երկուշաբթի երեկոյան կարճատեւ աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը: Օդանավակայանից նա գրեթե անմիջապես մեկնեց Հայաստանի նախագահի նստավայր՝ ուր նրան ընդունեց նախագահ Քոչարյանը:

Գործընկերոջը օդանավակայանում դիմավորելու եկած Հայաստանի ոստիկանության ծառայության պետ Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, Գռիզլովի այցի նպատակը երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջեւ կնքված ու գործող բոլոր փաստաթղթերի վերաստորագրումն է՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության՝ ոստիկանության ծառայության վերակազմավորվելու-վերանվանվելու կապակցությամբ:

Հայաստանում Գռիզլովի այցի ընթացքում քննարկվելիք հարցերը վերաբերելու են հիմնականում իր ղեկավարած գերատեսչության եւ Հայաստանի ոստիկանության համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հարցերին:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, հերքեց, թե նաեւ գալիք կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությանն աջակցելու նպատակ է հետապնդում իր այցը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG