Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանը վստահ է, որ հաջողելու է իր հավակնոտ ձեռնարկում


Ամիսներ առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը հայտարարել էր հայերի համաշխարհային կառույց ստեղծելու իր մտադրության մասին, եւ այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ անպայման հաջողությամբ իրականացնելու է այդ հավակնոտ նախաձեռնությունը:

«Մենք շատ լավ գիտենք, թե դա ոնց պետք է անենք», - ասաց Աբրահամյանը: - «Ես՝ որպես այդ գաղափարի շուրջ հավաքվողներից մեկը, իմ վրա պատասխանատվություն եմ վերցնում, որ դա անեմ»:

Իրեն «միջազգային կարգի բիզնեսմեն» համարող Աբրահամյանը, շարունակելով, ասաց. - «Մենք մեր բիզնեսներն ենք միավորում, ինչպես նաեւ՝ բոլոր ուժերը քաղաքականության եւ հասարակական կյանքի մեջ»:

Ռուսաստանի հայերի միության նախագահի փոխանցմամբ, նախաձեռնության հեղինակները մտածել են «շատ պարզ մեխանիզմ»՝ միավորվել երեք հարցի շուրջ: Դրանցից առաջինը «Հայաստանի պետականության պահպանումը, զարգացումն եւ ամրապնդումն» է, որի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: «Երկրորդ հարցը, որ ավելի կարեւոր է», - շարունակեց նա, - «Ցեղասպանության հարցն է: Մենք պետք է հանդես գանք մեկ ուժով»:

Արա Աբրահամյանը փոխանցեց, որ իր ստեղծած հատուկ «ինստիտուտում, ուր աշխատում են ամենալավ, համաշխարհային կատեգորիայի մասնագետները», եկել են եզրակացության, թե այսօր «ոչ մեկը չունի ոչ մի ծրագիր»: Իսկ իր տեսակետը միանշանակ է՝ ազգային նպատակներին հասնելու համար միավորվածություն է հարկավոր:

Երրորդ նպատակը, Աբրահամյանի խոսքերով, այդ ամենի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծումն է: Այս հարցում էլ այլեւս նոր մոտեցումներ են հարկավոր. - «Համայնքներում գումարներ հավաքելու միջոցով գործունեություն ծավալելու պրակտիկան մեծ հնարավորություներ չի կարող ընձեռել»:

«Մեծ միջոցներ են պետք», - շարունակեց նա: - «Այն գումարները, որ հավաքվում են, չի կարելի այդ գումարներով հայկական հարց լուծել: Ռուսաստանի հայերի միության բյուջեն 10 միլիոն է, բայց անգամ միայն սոցիալական հարցերը լուծելու համար չի բավականացնում»:

Ուստի Արա Աբրահամյանը այժմ ստեղծում է «համաշխարհային բիզնես»: Օգոստոսի վերջին այդ նպատակով ստեղծելու է, նրա ձւեակերպմամբ՝ «առեւտրի, ֆինանսների եւ ներդրումների համաշխարհային բաժնետիրական ընկերություն: Աբրահամյանը իր կողմից այդտեղ ներդնելու է 50 միլիոն դոլար: Բացի այդ, արդեն ստացել է արգենտինահայ մեծահարուստ Էռնեկյանի, ֆրանսահայ մեծահարուստ Սերժ Չուրուկի եւ այլոց հավանությունը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG