Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «առանցքային» է համարում հարավկովկասյան տարածաշրջանը


Տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը համընդհանուր անվտանգության առումով «առանցքային կարեւորություն ունեցող» տարածաշրջան անվանեց Հարավային Կովկասը:

Հայաստանի ֆրասիական համալսարանում այսօր կարդացած դասախոսության ընթացքում անդրադառնալով այդ հարցին, Ռոբերտսոնը էական համարեց ընդհանուր մոտեցումներ գտնելու անհրաժեշտությունը՝ հատկապես կարեւորելով անցած նոյեմբերին Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդաժողովում ընդունված որոշումը, ուր արձանագրված է ակտիվ համագործակցության անհրաժեշտության սկզբունքը՝ այդ թվում եւ Հայաստանի հետ: Իսկ անվտանգությունը, նրա խոսքերով, կառուցվում է «հարեւանների հետ, ոչ թե ընդդեմ հարեւանների»:

ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագիրը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը, մեծ հաջողություն է ունեցել, եւ, Ռոբերտսոնի խոսքերով՝ ողջ եվրատլանտյան տարածքի՝ ներառյալ Հարավային Կովկասի առջեւ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել բացառապես տարածաշրջանային համագործակցության ճանապարհով:

«Մենք հասկանում ենք դրա դժվարությունը, սակայն, հավատում ենք նաեւ, որ, հարավկովկասյան տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունից ելնելով, տարածաշրջանի երկրները կշարժվեն ընդհանուր անվտանգություն տարածք ձեւավորելու ուղղությամբ», - ամփոփեց լորդ Ռոբերտսոնը:

Հարցին, թե ո՞րն է այն առանցքային երկիրը, որի հետ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում մտադիր է առավել խորացնել հարաբերությունները, Ռոբերտսոնը պատասխանեց, թե չի առանձնացնելու որեւէ երկիր: Հարավային Կովկասի երեք երկրներն էլ, նրա խոսքերով, մեծ դեր ունեն եւ «պետք է շարժվեն անվտանգության, ապահովության ու բարգավաճման ուղղությամբ»:

Հայաստանի պաշտպանության նախարարը, Ռոբերտսոնի փոխանցմամբ, վերահաստատել է, որ Հայաստանը զորք կուղարկի Կոսովո՝ աջակցելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG