Մատչելիության հղումներ

Կառավարությունը աջակցելու է սակավաջուր հողատարածքներ ունեցող գյուղացիներին


Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սակավաջուր հողատարածքների տեր գյուղացիների հարցին կառավարության մակարդակով անդրադառնալը վարչապետի գլխավորած Հանրապետական կուսակցության անդամ, այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի հավաստմամբ, որեւէ առնչություն չունի ընթացող քարոզարշավին:

«Քաղաքականություն չեմ դնում սրա տակ», - ասաց Զադոյանը՝ հավաստիացնելով, թե ինքը խնդրի ամենամեծ ջատագովն է եղել:

Ըստ գյուղնախարարի, իրենք ամբողջ մեկ տարի ուսումնասիրել ու պարզել են, որ հանրապետության ավելի քան 1000 գյուղերի մեջ մոտ 70-ը սակավաջուր հողեր ունեն, ընդհանուր առմամբ՝ 30-35 հազար հեկտար։ Այդ պատճառով էլ ինքը վարչապետին առաջարկել է՝ կամ տեղափոխել այդ գյուղերը, կամ էլ հավելյալ փոխհատուցում տալ, քանի որ առանց կառավարության օգնության այդ գյուղերը «չեն կարող հարատեւել»:

«Վարչապետի հանձնարարականը հստակ էր, հատուցումներ, սուբսիդիաներ տրվելու են այս տարվանից», - հայտարարեց Զադոյանը: Ու թեեւ, գոնե այս տարվա բյուջեում, նման գումարներ նախատեսված չեն (իսկ սկզբի համար պահանջվում է մոտ 500 միլիոն դրամ), գյուղնախարարը տեղեկացրեց, որ վարչապետը կարգադրել է ֆինանսների նախարարին՝ «գտե'ք գումարը»:

Դավիթ Զադոյանը տեղեկացրեց նաեւ ավելի վաղ կառավարության կողմից հաստատված՝ ցրտահարության հետեւանքների հաղթահարման միջոցառումների մասին ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված քայլերի մասին: Անցյալ դեկտեմբերի աննախադեպ ցուրտը գյուղատնտեսությանը մոտ 50 միլիոն դոլարի վնաս է պատճառել: Ահռելի կորուստներ է կրել հատկապես խաղողագործությունը՝ ոչնչացել է խաղողի այգիների 72 տոկոսը, ու առնվազն երկու-երեք տարի կպահանջվի դրանց վերականգման համար: Ըստ գյուղնախարարության հաշվարկների, այս տարի խաղողի բերքը ակնկալվածից երեք անգամ պակաս է լինելու։

Հայաստանի վարչապետը ուղերձով դիմել էր Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ խնդրելով օգնել բնական աղետի պատճառած վնասները վերացնելու հարցում։ Ըստ Դավիթ Զադոյանի, առաջինն արձագանքել է ԱՄՆ-ի կառավարությունը, որի տրամադրած 100 հազար դոլարով կարտոֆիլի սերմացու է գնվել ու բաժանվել աղետից տուժած 5 մարզերի հողագործներին։ Եվս 1 միլիոն 300 հազար դոլար է տվել Համաշխարհային բանկը: Այդ գումարով գնվելու է պարարտանյութ եւ անհատույց բաժանվելու է շուրջ 73 հազար շահառուներին:



Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG