Մատչելիության հղումներ

Ընտրախախտումներն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է աշխատանքը


Նախագահ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծված՝ ընտրախախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ առաջին հարցազրույցում տեղեկացրեց նախագահի նորանշանակ խոսնակ Աշոտ Քոչարյանը, շարունակում է աշխատանքը, եւ թե' արդյունքներին, թե' միջազգային դիտորդների բոլոր զեկույցներին վերաբերող «ամփոփ տեղեկատվությունը եւ գնահատականը կտրվի խորհրդարանական ընտրություններից հետո»:

«Հանրապետության նախագահի խոսնակ լինելը մեծ պատիվ է», - ասաց Աշոտ Քոչարյանը, ու թեեւ, իր խոսքերով, լրատվամիջոցների հետ աշխատելու փորձ չունի, այլ ունի դիվանագիտական աշխատանքի փորձ, ավելացրեց. - «Այս աշխատանքը դիտարկում եմ որպես դիվանագիտական աշխատանքի շարունակություն»:

Աշոտ Քոչարյանը «զարմանալի եւ անհեթեթ» որակեց թերթերից մեկի հրապարակումը, թե խոսնակի նման ընտրության նպատակը արեւմտամետության բալանսն ապահովելն էր: Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ինքը արեւմտյան արժեքներ դավանող է, հատկապես եթե հաշվի առնենք, որ հրապարակումներ ունի մարդու իրավունքների հարցերով, մի քանի տարի ղեկավարել է արտգործնախարարության մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի բաժինը, նախագահի խոսնակը ճշտեց՝ համամարդկային արժեքներ:

«Վերջին տարիներին՝ Եվրախորհրդին, ՄԱԿ֊-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելը մեր երկրի համար մեծ նվաճումներ էին», - շարունակեց նա: - «Ինտեգրացումը շարունակվում է, բայց, բնականաբար, մտածելակերպը մնում է ինչ-որ տեղ հին: Բայց վերանայվում է եւ վերաիմաստավորվում: Դրականը պետք է ընդօրինակել, դրականին պետք է հետեւել, եւ կարծում եմ, իրոք, տասներկու տարեկան երկրի համար միանգամից բարձր պլանկաներ, բարձր չափանիշներ ներկայացնելը մի քիչ բարդ է: Բայց կան պարտավորությունները, որոնք պետք է կատարել»:

Մինչեւ մայիսի 6-ը՝ նախագահի խոսնակի պաշտոնում նշանակվելը, Աշոտ Քոչարյանն արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավարն էր, գլխավորել է կառավարությանն առընթեր մարդկանց ապօրինի փոխադրման հարցերն ուուսնմասիրող հանձնաժողովը:

Նշանակումից ի վեր, առավել նրբորեն ծանոթանում է նաեւ ներքաղաքական խնդիրներին, մամուլն է ուսումնասիրում: Անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցներին, Աշոտ Քոչարյանը համաձայնեց, թե մեզանում դրանք բեւեռացված են: «Կա աղավաղված ձեւով ներկայացված տեղեկատվություն, բայց կարծում եմ, ժամանակի ընթացքում կգտնենք աշխատանքային համագործակցության, շփումների եղանակներ», - ասաց նա:

Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռուս֊-անգլիական ֆակուլտետն ավարտած, Գիտությունների ակադեմիա փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում պատերազմի եւ խաղաղության խնդիրներով թեկնածուական թեզ պաշտպանած 45-֊ամյա դիվանագետը երբեւէ որեւէ կուսակցության չի անդամակցել:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG