Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն մեծամասնության է հավակնում ապագա խորհրդարանում


Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), կուսակցության նախընտրական շտաբի պետի խոսքերով, հավակնում է ապագա խորհրդարանում պատգամավորական աթոռների առնվազն մեկ երրորդին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարզազրույցում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նման ակնկալիքի համար հիմք է համարում այն, որ «այն ինչ խոստացել էինք 99-ին [նախորդ խորհրդարանական ընրտարշավում], կատարվել է, եւ՝ մի բան էլ ավելի»:

Սահակյանի կանխատեսմամբ, ընդդիմությունը Ազգային ժողովում կունենա 20-25 պատգամավոր, իր ձեւակերպմամբ՝ «հեղինակավոր կուսակցությունները՝ միգուցե 8-14 տոկոս», եւ կլինի խորհրդարանական մեծամասնություն, որտեղ Հանրապետական կուսակցության ղեկավար անդամը տեսնում է իր կուսակցությանը:

Գործող խորհրդարանում ՀՀԿ-ի 33 պատգամավորի փոխարեն, Գալուստ Սահակյանի խոսքերով, իրենք խնդիր ունեն «հաղթահարելու 44 թիվը»: «Կստացվի, թե չի ստացվի, դա արդեն պարզ կլինի ընտրություններից հետո», - ասաց Սահակյանը:

Քաղաքական ուժերի դասավորությունը ապագա խորհրդարանում Սահակյանը տեսնում է հետեւյալ կերպ՝ իրենցից հետո՝ իշխանամետ Դաշնակցությունը, երրրորդ տեղում ՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը:

Այսօր Հանրապետական կուսակցության գրասենյակ այցելած ԵԱՀԿ դիտորդական առաքելության քաղաքական վերլուծաբան Իեն Գորվինի հետ զրույցում, Սահակյանի փոխանցմամբ, երկուստեք դրական է գնահատվել, որ ներկա ընտրարշավում լարվածությունը անհամեմատ ավելի ցածր է, քան անցած նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ:

Գալուստ Սահակյանը նշելով, թե ՀՀԿ-ն նվազագույնս է քարոզարշավում օգտագործում հեռուստաեթերը, ասաց, թե դա արվում է «լարվածությունից խուսափելու» համար:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG