Մատչելիության հղումներ

Ավարտվեց հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը


Ամերիկյան կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը հաջորդ տարի 10 տոկոսով պակաս կլինի այս տարի տրամադրված օգնությունից:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախմբի Երեւանում անցած հերթական նիստին մասնակցած ամերիկյան կողմի համանախագահի պաշտոնակատար Թոմաս Ադամսը օգնության կրճատումը փաստարկեց այսպես. - «Մենք կարծում ենք, որ Հայաստանը հաջողակ է իր տնտեսական բարեփոխումների առաջին փուլում: Սակայն այս օգնությունը չպետք է հավերժ տեւի. սա անցումային ծրագիր է։ Արեւելյան Եվրոպայի երկրներում մենք ունենք այսպես կոչված «շրջանավարտ» երկրներ՝ օրինակ, Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան։ Հայաստանը արդեն մոտենում է այդ երկրների կատեգորիային, սակայն, դեռեւս որոշ տարիներ օգնությունը կշարունակվի»։

Նշենք, որ այս տարի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացված մարդասիրական օգնությունը կազմում է շուրջ 119 մլն դոլար:

Այսօր ավարտված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախմբի վեցերորդ նիստի շրջանակներում ստորագրվեց նաեւ դրամաշնորհային ծրագիր: Ըստ այդմ՝ ԱՄՆ Առեւտրի եւ զարգացման դեպարտամենտը 275 հազար դոլար հատկացրեց Գառնիի տիեզերական հետազոտությունների կենտրոնին։

Թոմաս Ադամսը այդ առթիվ շեշտեց, թե այդ ծրագրով իրենք փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է «կոմերցիալիզացիայի ենթարկել կոնկրետ այդ գիտական հաստատությունը»:

«Ես կարծում եմ, որ մենք ունենք հետաքրքրություն ու մենք փորձում ենք առաջ մղել հայ գիտությունը, որպեսզի այն հարմարվի նոր պայմաններին։ Մենք ուզում ենք ավելի լայն հայացքով նայել հայ գիտությանը՝ թե ուրիշ ո՞ր գիտական բնագավառները եզակի հնարավորություններ ունեն, որպեսզի կարելի լինի օժանդակել դրանց», - շեշտեց Ադամսը։

Հայ-ամերիկյան տնտեսական հանձնախմբի բոլոր անցած նիստերում (այդ թվում եւ այսօր ավարտված 6-րդ նիստում) քննարկումների պրոբլեմային հարցերից մեկը կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ պայմանագրի ստորագրումն է։ Նման պայմանագիր Հայաստանն ունի երեք տասնյակ երկրների հետ, մինչդեռ, Միացյալ նահանգների հետ նման փաստաթուղթ չի ստորագրել։

Թոմաս Ադամսը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե այս նիստի ընթացքում եւս այդ հարցը չի լուծվել՝ ավելացնելով, թե իրենք այս պահին եւս նման համաձայնագիր ստորագրելու կարիքը չեն տեսնում: «Սակայն մենք դուռը բաց ենք թողել, ու եթե այնպես ստացվի, որ որոշակի փոփոխություններ լինեն Հայաստանի օրենսդրության մեջ՝ ամերիկյան ընկերությունների համար ձեռնտու պայմաններով, ապա մենք դարձյալ կանդրադառնանք այս հարցին»։

Հանձնախմբի հայկական կողմի համանախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, իրենք
ակնկալում են ԱՄՆ կառավարության մարդասիրական օգնությունը գալիք տարում օգտագործել բնակարանաշինության, կրթական, առողջապահական բնագավառների, սոցիալական ոլորտի խնդիրների լուծման, գյուղատնտեսության եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցության նպատակով։ Օրինակ, ամերիկյան կողմին առաջարկվել է Աղետի գոտու բնակարանային սերտիֆիկատների ծրագիրը տարածել նաեւ փախստականների վրա:

Վարդան Խաչատրյանը անդրադարձավ Միացյալ Նահանգներին Հայաստանի ունեցած 45 միլիոն դոլար պարտքի վերաձեւակերպման խնդրին։ Պարտքն առաջացել է հիմնականում ապրանքային ցորենի մատակարարման հետեւանքով, ու արդեն կառավարությունը սկսել է սպասարկել այն։ Համաշխարհային բանկը խորհուրդ էր տվել այդ պարտքը դուրս գրել՝ նույն գումարի չափով բնապահպանական ծրագրեր իրականացնելու պայմանով։ Սակայն, Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, նիստում հարցի քննարկման ընթացքում պարզվել է, որ ամերիկյան օրենքներով պարտքի վերաձեւակերպում նախատեսված է միայն երեք դեպքում, իսկ Հայաստանի պարտքը չի համապատասխանում դրանցից ոչ մեկին: Խաչատրյանը հավաստիացրեց, այդուհանդերձ, որ աշխատանքը այդ ուղղությամբ կշարունակվի:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG