Մատչելիության հղումներ

Ջորջ Ռոբերտսոն. «Կովկասը հսկայական կարեւորություն ունի Եվրասիայում կայունություն ապահովելու համար»


«ՆԱՏՕ-ն չի կարող եւ չի հավակնելու առաջատար դեր խաղալ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղ գործընթացներին աջակցելու գործում», - Բաքվում լույս տեսնող «Զերկալո», «525 գազեթ» թերթերին եւ Կասպիական բիզնես նորությունների գործակալությանը տրամադրած հոդվածում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը:

«Այդ պատասխանատվությունն ընկած է առաջին հերթին հակամարտության կողմերի վրա: Կովկասում եռացող հակամարտությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլերը պետք է արվեն հենց այստեղ, այլ ոչ թե դրսի ուժերի կսղմից», -կարծիք է հայտնել Ջորջ Ռոբերտսոնը՝ միաժամանակ ավելացնելով. - «Տարածաշրջանում ծագած վեճերի համապարփակ կարգավորումն անհնար է առանց խոշոր տարածաշրջանային տերությունների մասնակցության` ներառյալ, իհարկե, Ռուսաստանը»:

«Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը, միգուցե, իրոք շատ է փոխվել, սակայն Կովկասը մնում է մի տարածք, որը հսկայական կարեւորություն ունի Եվրասիայում կայունություն ապահովելու համար», - եզրակացնում է Ռոբերտսոնը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր Մոսկվայում մասնակցում էր Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի նիստին: Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելելու է Հարավային Կովկաս: Վաղն իսկ Ռոբերտսոնը կժամանի Հայաստան:

Միաժամանակ մայիսի 26-ին Պրահայում բացվելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ, ինչպես ասել է ադրբեջանական պատվիրակությունը գլխավորող Զիյաֆեթ Ասկերովը, քննարկվելու են Իրաքի եւ Հարավային Կովկասի հետ կապված հարցեր: Ադրբեջանցի պատգամավորները մտադիր են Պրահայում բարձրացնել Ղարաբաղի հարցը: Հայաստանը նույնպես ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ընկերակցված անդամ, սակայն, ինչպես այսօր հաղորդեցին «Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի Ազգային ժողովում, հայաստանցի պատգամավորները որոշել են Պրահա չգնալ: Պատճառը կարելի է կռահել՝ մայիսի 26-ին, երբ Չեխիայի մայրաքաղաքում սկսվելու է ՆԱՏՕ-ի հավաքը, Երեւանում ամփոփվելու են խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Մինչդեռ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը երեկ լրագրողներին հայտնել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները «աշխատում են ղարաբաղյան կարգավորման նոր տարբերակների վրա՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները»:

«Առաջարկները հիմնականում արդեն ձեւակերպված են», - ասել է Րյաբովը, - «բայց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին դեռ ներկայացված չեն, ուստի այսօր դրանց մասին խոսելը անլուրջ եւ անհարգալից կլիներ»:

Նիկոլայ Ռյաբովը նաեւ կարծիք է հայտնել, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի կապակցությամբ կայանալիք հանդիսությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հնարավոր հանդիպումից հետո:

Սանկտ Պետերբուրգում նաեւ ԱՊՀ-ի գագաթնաժողով է սպասվում: Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կմեկնի մայիսի 30-ին: Վերլուծաբանները, սակայն, կասկածում են՝ արդյո՞ք Հեյդար Ալիեւը ի վիճակի կլինի ժամանել Սանկտ Պետերբուրգ:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG