Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գնալով խորանում են ներճամբարային հակամարտությունները, ինչը նախեւառաջ վերաբերում է իշխանական ճամբարին», - արձանագրում է «Իրավունք» թերթը: - «Հրապարակային ելույթներում իշխանամետ կուսակցությունները փոխադարձաբար ավելի ու ավելի կոշտ արտահայտություններ են թույլ տալիս: Բավականին պերճախոս էր, օրինակ, Գալուստ Սահակյանի կողմից Հանրապետական կուսակցության մրցակից այլ իշխանամետ ուժերին կուրտիզանուհի անվանելը, իսկ վերջիններս էլ ձգտում են ամեն կերպ սահմանազատվել գործադիր իշխանության գործողությունների համար պատասխանատվությունից»: Ըստ «Իրավունք»-ի՝ այն, որ իշխանամետ ուժերին ոչ մի կերպ չի հաջողվում գալ համաձայնության է երեւում է եւ նրանից, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անսպասելիորեն վերադարձավ թափանցիկ քվեատուփերի տարբերակին՝ համաձայնելով որ լինեն առանձին քվեատուփեր հանրաքվեի եւ Ազգային ժողովի ընտրությունների համար: Ենթադրվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերում գտնվող ուժերին այդպես էլ չհաջողվեց պայմանավորվել, թե «հին, բարի» փայտե արկղերը ինչ համամասնությամբ պետք է կանխավ լցոնվեն»:

«Հայոց Աշխարհ» թերթը այսօր որպես «զարմանալի փաստ» վեր է հանում, որ նախընտրական սրացումների ծիրում են հայտնվել նաեւ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերը. - «Նախընտրական մարաթոնի մասնակիցների նյարդերը, որքան էլ ցավալի է, տեղի են տալիս՝ տեղի տալով գործընկերներին հարվածի տակ դնելու, տեղ-տեղ՝ սկզբունքներին եւ ավանդական դիրքորոշումներին դավաճանելու հաշվին միավորներ վաստակելու գայթակղությանը», - ձեւակերպել է «Հայոց Աշխարհ»-ը: - «Դեռեւս 2 ամիս առաջ նախագահին աջակցելու հարցում միակամ ու հաստատակամ քաղաքական ուժերը մոռացել են իրենց պաթետիկ ելույթները եւ, պապից ավելի կաթոլիկ կեցվածք ընդունած՝ ընդդիմադիր-պոպուլիստական ճառեր են արտասանում... Սակայն», - զգուշացնում-շեշտում է «Հայոց Աշխարհ»-ը, - «չէ՞ որ հանրությունը, ի վերջո, քաղաքական այրերին հակառակ՝ հիշողության կորստով չի տառապում եւ հրաշալի հիշում է՝ ով ով է, ինչ էր ասում 2 ամիս առաջ եւ ում հետ էր ընկերություն անում»:

«Երկիր» թերթի ձեւակերպմամբ՝ «քաղաքական ուժերի համար վերջին օրերին կենսական անհրաժեշտություն է դարձել պարկեշտությունը, ազնվությունը, ամեն գնով քվե շահելու համար պարզունակ սուտ չխոսելը եւ, վերջապես, պարզ քաղաքական կոռեկտության պահպանումը»: Թե ինչու են նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարածները հիմա առանձին ճանապարհներով գնում, Դաշնակցության պաշտոնաթերթում պարզաբանվում է այսպես. - «Այն միտքը, թե որոշ ցուցակներով պատրաստվում են խորհրդարան գալ կոռումպացված եւ այլեւս անհույս փտած պատոնյաներ, տարբեր ՍՊԸ-ների տեր մականունավորներ, տարիների ընթացքում որեւէ բառ խորհրդարանում չասած պատգամավորներ, մի քանի կուսակցություն փոխած անձինք, ժողովրդի վրա կրակած դեմքեր, ավելի է սրում պայքարը, ավելի է ամրապնդում սեփական հաղթանակի միջոցով երկրում վերափոխումներ իրականացնելու գիտակցությունը: Իսկ քաղաքական այս մրցապայքարում եթե որոշ մարդիկ էլ ջղագրգռություն են ցույց տալիս, դա պարզապես պայմանավորված է բարձրագոչ արտասանած «պետականություն», «պետական ու ազգային քաղաքականություն» հասկացությունները լոկ սեփական երթուղային բիզնեսներին խառնելու եւ դրանցով որոշելու գիտակցությամբ», - որոշակի անձանց է ակնարկում «Երկիր»-ը:

«Այս իշխանությունը երկար կյանք չունի» ընդգծման ներքո նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Օրրան» թերթի հարցազրույցում ասում է. - «Շրջադարձը կատարյալ է մի քանի կուսակցությունների համար, որ երեկվա օրվա մեջ միայն տնտեսական աճ ու բարգավաճող հայրենիք էին տեսնում, այսօրվա մեջ՝ թշնամանք ու չարություն, կործանում ու թշվառություն... Անծանոթ մարդը քարոզարշավի հոլովակները, ելույթները հեռուստատեսությամբ նայելիս չի կարող տարբերել՝ ով է իշխանությունը, ով է ընդդիմությունը»: Որպես խորացող վտանգավոր միտումներ Արամ Սարգսյանը նշում է, որ ժողովրդի մեջ ատելություն ու չարություն է կուտակվում:

«Հայաստանում ազատ եւ արդար ընտրություն հնարավոր չէ, բայց նույնիսկ այդ դեպքում «Արդարություն» դաշինքը խորհրդարանում լուրջ ներկայություն ունենալու է: Նվազագույնը, որ ակնկալում ենք, ԱԺ-ում տեղերի 1/3-ն է, այսինքն՝ 44 ձայն ունենալը, որպեսզի կարողանանք ցանկացած հարց դնել քննարկման», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում իրենց հաշվարկներ է ներկայացնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Անդրադառնալով հանրապետական Գալուստ Սահակյանի խոսքին, թե ՀՀԿ-ի հարաբերությունները «Արդարություն» դաշինքի հետ շատ ավելի քաղաքակիրթ են, քան իշխանամետ կուսակցությունների հետ, Ալբերտ Բազեյանը նշում է. - «ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պայքարն արդեն անցել է կոռեկտության սահմանները: Ինչ վերաբերում է այդ պայքարի արդյունքին, ակնհայտ է, որ հաղթելու է հանրապետականը, քանզի այդ կուսակցությունն է այսօր տիրապետում վարչական եւ ուժային բոլոր լծակներին»:

«Առավոտ» թերթի գնահատականով՝ հանրապետական կուսակցությունն իրականում աննախանձելի վիճակում է: «Ճիշտ է, վարչական ռեսուրսը դեռեւս իր ձեռքում է, սակայն դա դեռեւս ընտրություններում հաղթանակելու երաշխիք չէ։ ՀՀԿ-ն այսօր շատ խոցելի է. նրան հարվածում են թե՛ ձախից, թե՛ աջից», - նշում է «Առավոտ»-ը։ - «Կառավարության միամիտ անդամները հույս էին փայփայում, որ «նախագահի հաջողություն» ասելով՝ ենթադրվում է նաեւ կառավարության գործունեությունը: Բայց, ոչ։ Ինչպես պարզվեց, Քոչարյանի հաջողությունների հետ կառավարությունը ոչ մի առնչություն չունի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG