Մատչելիության հղումներ

logo-print

Մաքսային մուտքերի պլանը գերակատարվել է


Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը այսօր հրավիրած ասուլիսում նախ ամփոփեց անցյալ տարվա արդյունքները։ Նա ասաց, որ ծրագրված 90 միլիարդ դրամի փոխարեն հաջողվել է պետական գանձարան մուտքագրել 92,5 միլիարդ դրամ մաքսային եկամուտներ։ Միեւնույն ժամանակ, մաքսավորները բացահայտել են մաքսանենգության 193 դեպք՝ ընդհանուր առմամբ բռնագանձելով 1 միլիարդ 746 միլիոն դրամ։

Այս տարի եւս, ըստ Ավետիսյանի, մաքսային մուտքերի բարեհաջող հավաքագրումը շարունակվում է: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, այս տարվա առաջին քառորդում շուրջ 2,5 միլիարդ դրամով ավելի մաքսային եկամուտ է գանձվել: Ընդհանուր առմամբ հավաքվել է 21 միլիարդ դրամ։

Արմեն Ավետիսյանի պնդմամբ, նախագահական ընտրությունները, ինչպես նաեւ Իրաքի պատերազմը ոչ մի կերպ չեն ազդել բյուջեի եկամուտների գոյացման վրա: Չնայած կրճատվել են Մերձավոր ու Միջին Արեւելքից, ինչպես նաեւ Չինաստանից արվող ապրանքային ներկրումները, սակայն, ի հաշիվ բենզինի եւ ծխախոտի հավելյալ ներկրումների, մաքսային մուտքերի պլանը որոշ չափով նունիսկ գերակատարվել է։ Ընդհանուր առմամբ, այս տարի ծրագրված է հավաքել 107 միլիարդ դրամի մաքսային եկամուտ։

Պետական մաքսային մուտքերի կեսից քիչ պակասը՝ մոտ 42 տոկոսը ստացվում են բենզինի եւ ծխախոտի ներկրումներից։ Այս տարվա առաջին 4 ամիսներին ներկրվել է ավելի քան 49 հազար տոննա բենզին, նախորդ տարի նույն ժամանակ՝ 43 հազար տոննա։ Ավելացել է նաեւ դիզելային վառելիքի ներկրումը։

Ավետիսյանը տեղեկացրեց նաեւ, թե կտրուկ քայլեր են արվում մաքսանենգությունը կրճատելու ուղղությամբ։ Շուտով կսկվի մաքսային համակարգի աշխատողների ատեստավորումը, ու կոմիտեի նախագահը խոստացավ ձերբազատվել անբարեխիղճ մաքսավորներից։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG