Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միության նախագահը մեծածավալ ներդրումներ է խոստանում


«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասաց, թե առաջիկա տարիներին հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ է անելու Հայաստանում: Նրա ներկայացմամբ, իր գլխավորած կազմակերպությունը ստանձնել է հայ-ռուսական պայմանավորվածությունների իրականացումը:

«Որ երկու նախագահների ստորագրած թղթերը, ծրագրերը, որոշումները դառնան իրականություն. դա է մեր պատասխանատվությունը», - ասաց Արա Աբրահամյանը: - «Ես բոլորին անձամբ մասնակցում եմ եւ վերահսկում եմ»:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հայերի միությունը աջակցում է Ռամկավար-ազատական կուսակցությանը (ՀՌԱԿ), որի համամասնական ցուցակում բավական բարձր տեղ է զբաղեցնում Արա Աբրահամյանի եղբայրը՝ Գագիկ Աբրահամյանը: Ռուսաստանի հայերի միության նախագահը հաստատեց ՀՌԱԿ-ի ներկայացուցիչների պնդումը, թե միությունը առաջիկա տարիներին 50 միլիոն դոլար է ներդնելու Հայաստանում:

«Երբ ասում եմ ամենաքիչը 50 միլիոն մենք պետք է ներդնենք, նկատի ունեմ Հյուսիսային պողոտան եւ Ծաղկաձորը», - ասաց Աբրահամյանը: - «Ընդհանուր գումարը շատ մեծ թիվ է լինելու՝ մի քանի անգամ 50 միլիոններ: 50 միլիոնը սկզբնական էտապն է, որ մենք պետք է իրագործենք 2003-2004 թվականներին»:

Առաջիկա օրերին Արա Աբրահամյանը Հայաստանում կուղեկցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տիկնոջը՝ Լյուդմիլա Պուտինային, ով այսօր ժամանել է Հայաստան, ինչպես հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը՝ պարգեւներ հանձնելու երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվող «Ռուսաստանը եւ ռուսաց լեզուն իմ կյանքում» միջազգային մրցույթի հաղթողներին:

Արա Աբրահամայանը տեղեկացրեց նաեւ, մայիսի 19 ին Հայաստան են ժամանելու Ռուսաստանի 5 նախարար, 120 ռուսաստանցի խոշոր գործարարներ եւ անցկացվելու է «Ռուսաստանի տնտեսական ֆորում Հայաստանում»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG