Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հույս է հայտնում, որ Հեյդար Ալիեւը կապաքինվի


Իր 80-ամյակը թուրքական զինվորական հոսպիտալում դիմավորող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին շաբաթ օրը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը առողջություն է ցանկացել՝ Ալիեւին բնութագրելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավոր:

Անդրանիկ Մարգարյանը ասել է, թե Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանի նախագահը կապաքինվի, քանզի կարծում է, որ իշխանափոխությունը Բաքվում կարող է բարդացնել Ղարաբաղյան հակամարտության լուծման արդեն տարիներ ձգվող որոնումները: Հայաստանի վարչապետը Ալիեւին բնութագրել է որպես փորձառու պետական գործիչ, որը «լրիվ պատկերացում է տարածաշրջանային խնդիրները», եւ «իր դիրքորոշումներով նպաստում է նաեւ պատերազմի չսկսելուն»:

«Բնականաբար, մեր համար շատ ավելի ձեռնտու կլինի, որպեսզի գործ ունենանք այնպիսի ղեկավարների հետ, որոնք իրենց քաղաքականությամբ ցույց են տվել, որ շահագրգիռ են տարածաշրջանում խաղաղության պահպանելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Ցանկանում եմ առողջություն պարոն Ալիեւին»:

Մարգարյանը առաջին հայ ղեկավարն է, որ նման գնահատական է տալիս Ալիեւին եւ հրապարակայնորեն ընդունում Հայաստանի շահագրգռությունը, որ վերջինս շարունակի պաշտոնավարել: Սա հակադրվում է Ադրբեջանի իշխանությունների հասցեին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բազմիցս հնչեցրած քննադատությանը: Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, օրինակ, անցած տարի ասել էր, թե Ալիեւը «սպառել է իրեն» եւ երբեք շոշափելի զիջումներ չի անի հայկական կողմին: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք էլ Ալիեւին մեղադրել էին Քի Ուեսթում 2001 թվականի ապրիլին ձեռքբերված համաձայնություններից հրաժարվելու համար:

Անդրանիկ Մարգարյանը փաստարկում է, թե Ալիեւը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Քոչարյանի հետ եւ տեղյակ է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի «բոլոր նրբություններին»: Իսկ Ադրբեջանում ղեկավարության փոփոխման դեպքում «գործընթացի զարգացումները կուշանան»:

Ալիեւի քաղաքական ընդդիմադիրներից շատերը ավելի կոշտ դիրքորոշում ունեն Ղարաբաղի հարցում եւ խոսում են Ղարաբաղը ռազմական ճանապարհով «վերադարձնելու» մասին:

Խաղաղ կարգավորման գործընթացում Ալիեւի դերի մասին այլ կարծիքի է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ներկայիս հայաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկը, ով Ղարաբաղյան պատերազմի տարիներին (1992-1993 թվականներին) Հայաստանի պաշտպանության նախարարն էր, պնդում է, թե Ադրբեջանի որեւէ ղեկավար չի փորձի մոտ ապագայում հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, քանի որ պատերազմին դեմ են թե' Ադրբեջանի ժողովուրդը, թե' խոշոր տերությունները:

Մանուկյանը շեշտեց նաեւ, թե ինքը չի կարծում, որ եթե Ալիեւի հեռացմամբ Ադրբեջանում քաղաքական «քաոս» ստեղծվի, դա լավ է Հայաստանի համար: «Ես կարծում եմ, որ իրենց ընտանիքի գործերը եթե լավ լինեն, հետները կարելի է նստել, խոսել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Քաոսը միշտ էլ անկանխագուշակելի հետեւանքների կարող է բերել, ինչը մեզ ձեռնտու չէ»:

Ալիեւը, մինչդեռ, թուրքական զինվորական հոսպիտալում 80-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում աշխարհի երկրների ղեկավարներից, այդ թվում Միացյալ Նահագների նախագահ Ջորջ Բուշից: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթըդ Փրես» գործակալությունը, այդ հոսպիտալը ուրբաթ օրը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, թե Ալիեւի վիճակը լավ է: Հոսպիտալի հաղորդագրությունը հետեւել է նախորդ օրը թուրքական հեռուստատեսության հաղորդմանը, թե Ալիեւի առողջական վիճակը ծանր է: Առայժմ ոչինչ չի ասվում Ադրբեջան վերադառնալու ժամկետի մասին:


Հրաչ Մելքումյան, Ռուզաննա Խաչատրյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG