Մատչելիության հղումներ

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը վստահ է, ու իր գլխավորած կուսակցությունը մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթահարի 5 տոկոսի շեմը եւ խմբակցություն կունենա ապագա Ազգային ժողովում:

«Պայքարում ենք 10 հոգուց [բաղկացած] խմբակցություն ունենալու համար: Դա մեր մինիմումն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Վլադիմիր Դարբինյանը՝ ավելացնելով. - «Հնարավորություններն այնպիսին են, որ կարելի է նաեւ խմբակցություն ունենալ 15 հոգուց բաղկացած»:

Պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրվում արդեն միջնագիծը հատած քարոզարշավում Հայկոմկուսի ոչ բարձր ակտիվությունը, Դարբինյանը ասաց, թե դա պայմանավորված է նրանով, որ իրենք հիմնականում օգտագործում են օրենքով սահմանված անվճար եթերաժամերը, քանի որ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, կոմունիստների հնարավորությունները սուղ են վճարովի հեռուստաեթերից օգտվելու համար:

Հերքելով առկա տեսակետը, թե խորհրդարանական ընտրություններում ՀԿԿ-ն չի հաղթահարի 5 տոկոսի շեմը, Վլադիմիր Դարբինյանը ասաց, թե կան «տարբեր մոտեցումներ»: Նրա խոսքերով, «սոցիոլոգիական հետազոտությունները հիմնականում պատվերով են կատարվում»:

ՀԿԿ առաջնորդը վստահ է, որ կուսակցությունը հաղթահարելու է 5 տոկոսի շեմը եւ խմբակցություն է ունենալու խորհրդարանում, քանի որ «կոմկուսն ունի կայուն ընտրազանգված»: «Հասարակության 70-80 տոկոսը հայտնվել է աղքատության գծից ներքեւ», - ասաց Դարբինյանը: - «Այդ մարդիկ պետք է ձայն տան կոմունիստներին»:

Դարբինյանը չընդունեց փաստարկը, թե դա նույն ընտրազանգվածն է, որը կարող է քվեարկել նաեւ այլ կուսակցություների օգտին, եւ բացի դրանից՝ թե անցած նախագահական ընտրություններում սատարելով Արտաշես Գեղամյանին, կոմունիստները նրա կողքին են թողել իրենց ընտրազանգվածի մի մասը:

«Մենք հիմա ոչ մի այլ քաղաքական ուժի հետ հանդես չենք գալիս, գնում ենք [ընտրությունների] մեր ուժերով եւ պետք է որ արժանանանք մեր ժողովրդի վստահությանը», - ավելացրեց նա:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG