Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Մենք սիրում ենք այսօրը՝ Հաղթանակի եւ խաղաղության օրը, որովհետեւ իրապես սիրելի է այն հաղթանակը, որ իր հետ խաղաղություն է բերել, եւ ինչ հաղթանակ՝ առանց խաղաղության: Հաղթանակ եւ խաղաղություն մեզ», - շաղկապում-մաղթում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ո՞րն է հաղթանակի բանաձեւը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն ընդգծում է. - «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել 1992-ի մայիսյան հաղթանակներից մինչեւ այժմ, չի նպաստել մեր ոգու ամրացմանն ու կոփմանը: Ոգին տնտեսական պարզ ցուցանիշների ու դիվանագիտական պայմանագրերի պարզ հանրագումար չէ: Ոգին նախ եւ առաջ այդ ամենի հանդեպ սեփական ներքին էության արձագանքն է... Ոգին ամենից առաջ բարոյականություն է, ուստի», - շեշտված է «Հայոց Աշխարհ»-ում, - «անցյալի մեր բոլոր հաղթանակների ու պարտությունների իմաստը եւ նրանց կրկնության հավանականությունը պետք է փնտրել միմյանց ու շրջապատի հանդեպ բարոյական կեցվածքի ու դրանից բխող հանդուրժողականության մեջ: Բարոյականություն՝ գումարած միտք. ահա սրանք են այն հիմնական գործոնները, որոնք կարող են շարունակական դարձնել նախկինում՝ Սարդարապատում կամ Շուշիում բարոյականություն գումարած զենք բանաձեւով մեր կռած հաղթանակները, քանզի արդի աշխարհում մտքից ավելի հզոր զենք գոյություն չունի»: «Ուրեմն», - ամփոփված է «Հայոց Աշխարհ»-ում, - «պետք է գործի լծվենք՝ բարոյականության ու մտքի երկիր կերտելու համար»:

«Այբ-Ֆե» թերթում այսօր բերված են Շուշիի ազատագրման ռազմական գործողությունները ղեկավարած Կոմանդոսի՝ գեներալ Արկադի Տեր- Թադեւոսյանի մտորումները. - «Մենք՝ պատերազմում հաղթածներս, ցավոք, չհարգեցինք մեր հաղթանակը ինչպես որ պետք էր: Սովորեցինք սպանել, պատերազմի ժամանակ՝ թշնամուն, խաղաղության ժամանակ՝ միմյանց: Սպանելը դարձավ կենսաձեւ, աշխարհին ներկայանալու հայտ: Մի՞թե չենք շրջվելու դեպի մեր ներսը, դեպի մեր էության խորքը, մեր հոգեւոր ակունքները»:

«Չէինք ցանկանա այս օրով էլ տխուր բաներից խոսել». - խմբագրականն այսպես սկսելով հանդերձ՝ «Առավոտ» թերթը անդրադառնում է. - «Մեր քաղաքական դաշտն այնքան մասնատված է, որ հայրենական քաղաքական ուժերի մեծ մասը նախընտրում է Հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրման օրը նշել յուրովի ու սեփական նախընտրական պատեհապաշտական նպատակներով։ Այսօր բոլոր հեռուստաընկերությունները կցուցադրեն հանդիսավոր ընդունելություններ՝ ի պատիվ այս կամ այն պատերազմի վետերանների։ Վերջիններիս հետ կցանկանան բաժակ բարձրացնել ու կենացներ ասել բոլորը՝ ամենաբարձր իշխանավորից մինչեւ ծայրահեղ ընդդիմադիր... Այսօր վետերաններին կպատվեն առանձնահատո՛ւկ, ինչպես չեն պատվել եւ ոչ մի հոբելյանի ժամանակ։ Ու երբ կավարտվի նախընտրական թեժ շրջանը, իշխանության հասած կուշտ եւ գոհ քաղաքական գործիչները դարձյալ կմոռանան նրանց, ովքեր զոհվել են կամ կորցրել առողջությունը»:

«Իրավունք» թերթի ուրվագծմամբ՝ «իշխանամետ դաշտում ընթանում է, մեղմ ասած, կատաղի մրցակցություն, որն ավելի նման է թշնամանքի: Եվ ընդդիմության նկատմամբ այդ ճամբարի ներսում վերաբերմունքը շատ ավելի բարյացակամ է, քան հարազատ, բայց մրցակից իշխանամետի հանդեպ: Նույնը տեղի է ունենում նաեւ ընդդիմադիր դաշտի ներսում... Ե'ւ կոմպրոմատային, ե'ւ բռնցքային հարվածների փոխանակումը գնալով ավելի ուժգնանալու է: Դրան հավելվում է նաեւ իրար դեմ ձեռքի տակ եղած վարչական լծակների օգտագործումը», - նախանշում է «Իրավունք»-ը: - «Այս ընտրարշավը ավելի ու ավելի է նմանվում աստվածաշնչյան սյուժեի, այսինքն՝ յուրայինը յուրայինի դեմ է ելնում: Թե ինչով է դա ավարտվում, նույնպես հայտնի է այդ նույն Աստվածաշնչից»:

«Նախագահ Քոչարյանի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթը գրեթե անտերության է մատնված», - մտահոգված առանձնացնում է այսօր «Երկիր» թերթը։ - «Միայն հատուկենտ կուսակցություններ կամ պատգամավորներ են ընտրարշավում խոսում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին... Այս խնդրում եւս ականատեսն ենք լինում դավաճանության, քաղաքական դավաճանության, որը որեւէ կերպ չի տարբերվում մարդկային, կենցաղային դավաճանությունից», - ձեւակերպում է «Երկիր»-ը զգուշացնելով. - «Դավաճանությունները, փախուստները երբեք չեն ներվում։ Վաղ թե ուշ՝ դավաճանները զղջում են արածի համար»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG