Մատչելիության հղումներ

Ինչպես ասել է Հայաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ միջազգային միջնորդների ծրագրված այցը հակամարտության գոտի կարող է հետաձգվել՝ կապված Ադրբեջանի նախագահի վատթարացող առողջական վիճակի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ֆրանսիացի, ռուսաստանցի եւ ամերիկացի դիվանագետների հերթական այցը տարածաշրջան ծրագրված էր մայիսի 18-ին: Մինսկի խմբի խաղաղարար ջանքերի ակտիվությունը անցած տարեվերջից փոքր-ինչ նվազել էր՝ Հայաստանում եւ ապա Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Իտառ-Տասս լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, միջնորդները չորեքշաբթի հանդիպել են Փարիզում ու քննարկել հերթական այցի ժամանակ Հայաստանին, Ադրբեջանին ու Լեռնային Ղարաբաղին ներկայացվելիք նոր առաջարկությունները: Առաջարկների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Անանուն մնալ ցանկացած հայաստանյան աղբյուրը ասել է, որ Հեյդար Ալիեւի՝ Բաքվից բացակայելու պատճառով համանախագահները կարող են հարկադրված լինել հետաձգել այցը: Ադրբեջանի նախագահը, որը օրեր առաջ Բաքվում հրապարակային ելույթի ժամանակ վայր էր ընկել, ներկայումս բուժում է անցնում Թուրքիայում: Պաշտոնապես հայտարարվել էր, թե առողջական վիճակի վատթարացման պատճառը 80-ամյա Ալիեւի արյան ճնշման անսպասելի անկումն էր:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG