Մատչելիության հղումներ

Թուրքիայի ճնշումը կանխեց Հայոց ցեղասպանության հիշատակումը Իսրայելում


Իսրայելի անկախության 55-րդ տարեդարձի օրը, որը նշվում է երեկ եւ այսօր, Երուսաղեմում առաջին անգամ կարող էր հիշատակվել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա տեղի չունեցավ Թուրքիայի ճնշման պատճառով:

Տոնական արարողության ավանդական 15 ջահակիրների թվում էր ընդգրկվել հայազգի բուժքույր Նոյեմ Նալբանդյանը, որն իրեն ներկայացրել էր որպես «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդի ներկայացուցիչ»: Հենց այդպես էր գրված այն գրքույկում, որը բաժանվելու էր արարողության մասնակիցներին: Նշվում էր նաեւ, որ Նոյեմի պապը եւ տատը տեղահանվել էին Հայաստանից եւ հաստատվել Հայֆա քաղաքի մերձակա մի գյուղում:

Թեեւ Թուրքիան այդ տեքստում ընդհանրապես չէր հիշատակված, այդ երկրի դեսպան Ֆերիդուն Շինիրլիօղլուն չափազանց խիստ արձագանքեց եւ պահանջեց հանել «ցեղասպանություն» բառը: Տեղի տալով Անկարայի ճնշմանը, Իսրայելի իշխանությունները խորհրդարանի խոսնակ Ռուվեն Ռիվլինի միջոցով սկսեցին համոզել Նոյեմ Նալբանդյանին, որպեսզի նա ինքն իրեն այլ կերպ ներկայացնի: Ի վերջո, ինչպես փաստում են արեւմտյան գործակալությունները, հայազգի բուժքույրը, որը նաեւ Երուսաղեմի հայկական սոցիալական օգնության կազմակերպության ղեկավարն է, դժկամությամբ համաձայնել է փոխել ձեւակերպումը:

Վերատպված 2000 գրքույկներում Նոյեմ Նալբանդյանն այժմ ներկայացվում է որպես «բազմաչարչար հայ ազգի դուստր»:

Իր որոշումը Նոյեմ Նալբանդյանը երեկ «Հաարեց» թերթին տված հարցազրույցում բացատրել է այսպես. - «Իմ նպատակը բարդությունից խուսափելը եւ կառավարության համար պրոբլեմներ չստեղծելն է, ինչպես նաեւ հիմնական գաղափարից չշեղվելը, այն է՝ ինձ ջահակիր են ընտրել որպես բուժքույր, որը խնամում է վիրավոր մարդկանց: Ես համաձայնեցի այդ փոփոխություններին, որպեսզի ցույց տամ, որ իմ մտադրությունները բարի են»:

Հայազգի բուժքույրը, այդուհանդերձ, չի թաքցրել իր հիասթափությունը՝ փաստելով, որ այդ փոփոխություններն արվել են քաղաքական դրդապատճառներով: «Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդի ներկայացուցիչ լինելը իմ ինքնության մի մասն է», - ասել է Նոյեմը, ավելացնելով. - «Այն ամենը, ինչ կատարվում է հիմա, հաստատում է, որ անձը ազատություն չունի իր ինքնությունն արտահայտելու, եթե հրեա չի: Ես, որպես հայ, իրավունք չունեմ բացահայտելու իմ ինքնությունը: Բայց չէ որ, երբ հրեաները ասում են, որ իրենք հոլոքոստը վերապրածների երկրորդ կամ երրորդ սերնդի ներկայացուցիչն են, նրանց ոչ ոք չի սաստում թե՝ նման բաներ մի ասեք»:

Թուրքիայի դեսպանը, մինչդեռ, հանդիպել է Իսրայելի արտգործնախարարության եւ կառավարության պաշտոնյաների հետ, հավաստիացումներ է ստացել, որ Իսրայելի դիրքորոշումը «հայերի հետ անցած դարասկզբին տեղի ունեցածի» հարցում չի փոխվել եւ իր գոհունակությունն է հայտնել, որ գրքույկից հանվել է «ցեղասպանություն» բառը:

Երեք տարի առաջ Իսրայելի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները բարդացան նույն հարցի պատճառով: Այն ժամանակ Իսրայելի կրթության նախարար Յոսի Սարիդն առաջարկել էր Հայոց ցեղասպանությունն ընդգրկել դպրոցական ծրագրերում: Իսկ մեկ օր անց Իսրայելի արդարադատության նախարար Յոսի Բեյլինը հայտարարել էր. - «Հայերի հետ կատարվածը գենոցիդ է եւ ուրիշ ոչինչ»: Թուրքիայի իշխանությունները անմիջապես հրավիրել էին Իսրայելի գործերի հավատարմատար Մոշե Կամհիին եւ բացատրություններ պահանջել: Պարզաբանումն այն էր, որ «ցեղասպանություն» բառը օգտագործել են անհատ անձինք, ովքեր ամենեւին չեն արտահայտել Իսրայելի պաշտոնական տեսակետը, այն է՝ խնդիրը պետք է քննարկեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները:

Ամիսներ անց Իսրայելի կառավարությունը փոխվեց, Յոսի Սարիդն այլեւս կրթության նախարար չէ եւ նրա առաջարկությունը՝ Հայոց ցեղասպանությունը դասագրքերում ընդգրկելու մասին մոռացվեց, ինչի առիթով նախկին նախարարը վերջերս ափսոսանք է հայտնել:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG